Երկուշաբթի, 29 Հունիսի 2026 11:54
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրանը հայտարարել են Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին

Հայաստանն ու Իրանը հայտարարել են Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին

Արմինֆո. Հայաստանն ու Իրանը պաշտոնապես հայտարարել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին։

Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, շինարարական աշխատանքների մեկնարկի պաշտոնական արարողությանը մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ և այլք։

7.2 կմ երկարությամբ թունելը հագեցած է լինելու բոլոր անհրաժեշտ ժամանակակից համակարգերով, այդ թվում՝ էլեկտրամատակարարման և էլեկտրաէներգիայի բաշխման, լուսավորության, օդափոխության, տեսահսկման, հրդեհի հայտնաբերման և մարման ավտոմատացված համակարգերով, ինչպես նաև ռադիոհեռարձակման, տարհանման ազդարարման և ճանապարհային լուսային ցուցիչների, տարհանման ելքերի օդափոխության ու պաշտպանության համակարգերով, SOS կայաններով և կառավարման կենտրոնով։

Թունելի ներսում ճանապարհն ունենալու է երկու երթևեկելի գոտի և մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Բացի այդ, տրանսպորտային միջոցների հարկադիր կանգառի հնարավորությունն ապահովելու համար յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսված է թունելի երթևեկելի մասի ընդլայնում՝ լրացուցիչ 3 մետրով։

Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կառուցվելու է նաև տարհանման ելք։

Նախագծի շրջանակներում կառուցվելու է շուրջ 4 կմ երկարությամբ մոտեցնող ճանապարհներ, որոնք թունելը կկապեն գործող ճանապարհային ցանցին։ Շինարարության ավարտից հետո գործող երթուղու երկարությունը կկրճատվի մոտ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների երթևեկության միջին արագությունը 50 կմ/ժ-ից կբարձրանա մինչև 80 կմ/ժ, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը կնվազի շուրջ 40 րոպեով։

Թունելը կանցնի ծովի մակերևույթից 2535 մետր բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի շրջանցմամբ, ինչը զգալիորեն կբարձրացնի ճանապարհային երթևեկության անվտանգությունը և թույլ կտա խուսափել ձմռան ամիսներին լեռնանցքի անցանելիության ապահովման դժվարություններից։

Քաջարանի թունելի շինարարության նախագիծը կիրականացվի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի 200 մլն դոլարի չափով վարկային միջոցների և Հայաստանի Հանրապետության կողմից շուրջ 195 մլն դոլարի չափով համաֆինանսավորման հաշվին։

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2026 թվականին, իսկ դրանք ավարտել նախատեսվում է վեց տարվա ընթացքում։ Քաջարանի թունելի և մոտեցնող ճանապարհների շինարարության պայմանագիրը կկնքվի իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների համատեղ ձեռնարկության հետ։

Հայաստանում Իրանի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ արարողության ընթացքում երկու երկրների ներկայացուցիչներն ընդգծել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում Նորդուզի սահմանային կետից մինչև Երևան ավտոճանապարհի զարգացման կարևորությունը։ Նրանք նշել են դրա առանցքային նշանակությունը Հայաստանի և Իրանի միջև առևտրի, տրանսպորտային հաղորդակցության և տարանցիկ փոխադրումների հետագա ընդլայնման համար։

Արարողությունից հետո պաշտոնատար անձինք այցելել են նաև կառուցվող ճանապարհի առանձին հատվածներ։