
Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենն այցելել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գորիսի գրասենյակ, որտեղ ընկերության ղեկավարության հետ քննարկել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում, հանդիսանալով Հայաստանում հաստատված ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը՝ ContourGlobal-ը կարևոր դեր է խաղում երկրի էներգետիկ հատվածում և ամերիկա-հայկական տնտեսական կապերի ամրապնդման գործում։
Նշենք, որ «ContourGlobal»-ը ամերիկյան խոշորագույն ընկերությունն է, որն իր գործունեությունն է իրականացնում Հայաստանում և կարևոր դեր է խաղում էներգետիկայի ոլորտում։ Ընկերությունն իր ներդրումն է ունենում նաև հիդրոէներգետիկայի բնագավառում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի զարգացման գործում։ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի միջոցով ընկերությունը կառավարում է Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը, որը Հայաստանի խոշորագույն հիդրոէներգետիկ համալիրն է և ներառում է երեք ՀԷԿ՝ 404,2 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ։