
Արմինֆո. Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, քննարկմանը ներկա էին Նիդերլանդների ԱԳ և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, հայկական և նիդերլանդական ծաղիկ արտադրող, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նիդերլանդական «Royal Flora Holland» ծաղիկների աճուրդի ներկայացուցիչներ։
Քննարկման մասնակիցները կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին և կառավարության կողմից տրամադրվող օժանդակության հնարավորություններին։
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել են նաև «Royal Flora Holland»-ի գլխամաս և Նիդերլանդների երկու խոշոր ծաղիկ արտադրող ընկերություններ՝ տեղում աճուրդի ընթացակարգերին ծանոթանալու և Հայաստանի ընկերությունների հետ համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ծաղիկների և դեկորատիվ բույսերի վաճառքի աշխարհի խոշորագույն կոոպերատիվ առևտրային հարթակը ՝ Royal FloraHolland-ը, հայտարարել էր, որ իր շուկան բացում է հայկական ծաղիկների համար:
Կազմակերպությունը միավորում է հազարավոր արտադրողների և ամեն օր ապահովում է միլիոնավոր ծաղիկների և բույսերի առևտուր աճուրդային համակարգի և թվային հարթակի միջոցով ՝ մատակարարներին կապելով Եվրոպայի և աշխարհի այլ տարածաշրջանների գնորդների հետ:
Հիշեցնենք, որ "Ռոսսելխոզնադզորը" 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկի արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչության և դրա արդյունքների վերլուծության ավարտը։
Նշենք, որ Հայաստանն ավանդաբար ծաղիկներ է արտահանել ԵԱՏՄ և ԱՄԷ շուկա։ 2025 թվականի արդյունքներով ծաղիկների արտահանումը կազմել է 1320 տոննա կամ 78 մլն ծաղիկ։