
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հարցազրույցի փուլից հետո տեղի է ունեցել քվեարկություն, ամփոփվել են քվեարկության արդյունքները, և կայացվել է որոշում՝ հաղթողներ ճանաչելու վերաբերյալ:
Հաջորդիվ՝ վարչապետը հրապարակել է մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել՝ Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շանթ Շեխերդիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թումաս Պալուն, «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել «Բերեկկե բանկ Ղազախստանի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովի անդամներին արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ էական և շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է Հայաստանի Հանրապետության համար, և այդ բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում»: Վարչապետի խոսքով, Կառավարությունը պատվիրակում է հիմնադրամի կառավարումն ընտրված անդամներին և գլխավոր տնօրենին՝ շարունակելով էական դեր ունենալ քաղաքականությունները մշակելու պրոցեսում: Երկրի ղեկավարի խոսքով, այս պրոցեսում շատ էական դեր ունեն նաև շահառուները՝ իրենց ամենօրյա արձագանքներով և գոհունակության իրենց աստիճանով, ինչպես նաև բժշկական հանրությունը, որի ներկայացուցիչները ներգրավված են մրցութային հանձնաժողովում:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ Կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, շահառուները, բժշկական հանրությունը, հոգաբարձուների խորհուրդը և գլխավոր տնօրենը ձևավորեն բալանսների որոշակի համակարգ, որն էլ իր հերթին կապահովի հիմնադրամի և ընդհանրապես Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդհանուր զարգացումը և հաջողությունը:
Ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել պրոցեսում ընդգրկված բոլոր պատասխանատուներին, ինչպես նաև հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ նա որևէ կարգավիճակով կշարունակի իր մասնակցությունը պրոցեսին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է բավարար ներուժ, որպեսզի մինչ այս պահն ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակվի, քանի որ առջևում սպասվում է ամբողջ բնակչության ներառում Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգ, որը մեծ և ծավալուն աշխատանք է:
Նշենք, որ համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը Հայաստանում պաշտոնապես ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Իրականացումը նախատեսված է 3 տարում՝ երեք հիմնական փուլերով: 2026 թվականից համակարգում ընդգրկվել է երկրի շուրջ 1,6-1,7 մլն բնակիչ։ Նրանք բաժանված են 2 հիմնական խմբերի։ 100% պետական սուբսիդավորմամբ խմբերն են․ մինչև 18 տարեկան երեխաներ, 65-ից բարձր տարիքի անձինք, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ (1-ին, 2-րդ և 3-դ խմբեր), ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներ (խոցելիության 28 և ավելի միավորով): Նրանց համար ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը։ Ապահովագրավճար են վճարում ամսական 200 001 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող վարձու աշխատողները, ինչպես նաև 2,4 մլն դրամից ավելի տարեկան եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերերը (ԱՁ) և նոտարները: Նրանք բազային փաթեթը (տարեկան 129 600 դրամ) վճարում են ինքնուրույն: 2027 թվականի հունվարի 1-ից համակարգին պարտադիր կարգով կմիանան այն վարձու աշխատողները, որոնց աշխատավարձը ամսական 200 000 դրամից պակաս է: Երրորդ փուլում առողջության համընդհանուր ապահովագրությունը պարտադիր կդառնա քաղաքացիների և ռեզիդենտների բոլոր կատեգորիաների համար։ Դրանց թվում են ինքնազբաղված անձինք, պաշտոնական եկամուտ չունեցող անձինք, ինչպես նաև գյուղատնտեսության հատվածի աշխատողները և նրանց ընտանիքների անդամները: