Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026 11:27
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը, Եվրահանձնաժողովը և EIB-ն տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Հայաստանը, Եվրահանձնաժողովը և EIB-ն տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Արմինֆո.Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելով EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակներում խորհրդատվական աջակցության մեկնարկը։

Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ստորագրումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Փոխկապակցվածության օրակարգի հարթակի (Connectivity Agenda Platform) մեկնարկին նվիրված բարձր մակարդակի միջոցառման շրջանակներում։

Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ավտոճանապարհային ուղղությունների նախապատրաստական ​​աշխատանքներին, որոնք սահմանային անցման կետերը կկապեն Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։

Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների ծավալը որոշելու և նշված ճանապարհային նախագծերի իրականացման տեխնիկատնտեսական հիմնավորված լուծումներ մշակելու համար։

Համաձայն աղբյուրի՝ նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում և ուղղված են տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը, որպես հուսալի տրանսպորտային-լոգիստիկ հանգույց Հայաստանի դերի ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Փոխկապակցվածության օրակարգի առաջմղմանը։

Հաղորդվում է, որ հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ադրիեն Կիրալին, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները։