
Արմինֆո. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և ժամանակավոր հավատարմատարներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները: Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները․ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։
Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, պետական աջակցության առկա գործիքակազմին։
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել է 45,2 տոկոսով ՝ կազմելով 1,058 մլրդ դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 97,3 տոկոսով՝ մինչև 355,7 մլն դոլար՝ ներմուծման 28 տոկոս, մինչև 702,9 մլն դոլար աճի ֆոնին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիազոր մարմինները՝ "Ռոսպոտրեբնադզորը" և "Ռոսսելխոզնադզորը", սահմանափակումներ են կիրառում Հայաստանից ԵԱՏՄ երկրների շուկաներ գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների արտահանման նկատմամբ: Պատճառը, ինչպես ասվում էր գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններում, հայտնաբերված խախտումներն են։
Ընդ որում, թարմ գյուղմթերքի շուրջ 90 տոկոսը Հայաստանն ավանդաբար արտահանել է ռուսական շուկա։ Հայաստանի արտադրողների համար ստեղծված իրավիճակի և դժվարությունների պատճառով երկրի կառավարությունը մշակել է դեպի եվրոպական շուկաներ արտահանմանն աջակցության մի քանի ծրագրեր՝ ներառյալ տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի փոխհատուցումը: Բացի այդ, կես տարվա ընթացքում ֆերմերներն ազատված են վարկային պարտավորություններից՝ իրացման նոր շուկաներ գտնելու նպատակով։