Ուրբաթ, 19 Հունիսի 2026 17:43
Մարիաննա Մկրտչյան

ԵՄ Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ հայկական արտադրանքի նկատմամբ ՌԴ  սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով

ԵՄ Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ հայկական արտադրանքի նկատմամբ ՌԴ  սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով

Արմինֆո.Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ 

Ինչպես նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունում, նախագահ ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։

Այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։

Անցյալ ամիս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը: Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով։
ԵՄ - Հայաստան Տնտեսական դիմակայունության հարցերով հատուկ խումբը շարունակում է կանոնավոր հանդիպումները՝ ուղղորդելու և մշտադիտարկելու այդ միջոցառումների իրականացումը։

ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է.
«Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։

Նաեւ հիշեցվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2025 թվականին աճել է 7,2% - ով ՝ կազմելով 2,5 մլրդ դոլար (կամ առևտրի ընդհանուր ծավալի 11,7% - ը) ։ Արտահանման մատակարարումներն աճել են 9% - ով և կազմել 666.8 մլն դոլար՝ ներմուծման  6.5%-ով կամ մինչեւ  1.8 մլրդ դոլար աճի ֆոնին: 

2026թ. հունվար-ապրիլ ամիսներին ԵՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 45,2% - ով ՝ կազմելով 1,058 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումը գրանցել է 97,3% աճ ՝ մինչև 355,7 մլն դոլար, ներմուծման 28% աճի ֆոնին ՝ մինչև 702,9 մլն դոլար: 

Հիշեցնենք, որ մայիսի 30-ից "Ռոսսելխոզնադզորը" ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներկրման նկատմամբ՝ հայտնաբերված խախտումների պատճառով: Գերատեսչությունում պարզաբանել են, որ Հայաստանից մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ԵԱՏՄ և Ռուսաստանի նորմերին: Իսկ մայիսի 28-ից "Ռոսպոտրեբնադզորը" կասեցրել է ՌԴ տարածքում 64.5 մլն միավոր "Ջերմուկ" հանքային ջրի իրացումը: Հանձնարարականի համար հիմք են հանդիսացել արտադրողի կողմից տեխնիկական կարգավորման մասին օրենսդրության պարտադիր պահանջների խախտումները: Ջրի մեջ հայտնաբերվել է հիդրոկարբոնատի ՝ իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ 

Հունիսի 2-ից սահմանափակումները վերաբերում են Հայաստանից ՌԴ առաքվող կորիզավոր մշակաբույսերի պտուղներին (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողին, ինչպես նաև նշված արտադրանքի տարանցմանը ԵԱՏՄ անդամ պետություններ ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը:-