
Արմինֆո. 2025 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, սակայն դրա սպասարկման բեռը շարունակում է բարձր մնալ։ Այս մասին նշվում է «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ, որն այս անգամ դիտարկել է 2025թ. պետական բյուջեի կատարողականի ցուցանիշները։
Չնայած պետական պարտքի բացարձակ ծավալի աճին՝ կառավարության պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին նվազել է 47,7%-ից մինչև 47,2%: Հիմնադրամում այս ցուցանիշի նվազումը որակել են որպես դրական միտում, սակայն պարտքի սպասարկման ծախսերը դեռևս բարձր են մնում և մտահոգություն են առաջացնում։
Մասնավորապես, տոկոսավճարները 2025 թվականին կազմել են 349.1 մլրդ դրամ կամ բյուջետային ընդհանուր ծախսերի 10,6%-ը։ «Տոկոսավճարների բարձր մակարդակը խնդրահարույց է, քանի որ բյուջետային միջոցների զգալի մասն ուղղվում է պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով դրանք այլ առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ կապիտալ ներդրումների և սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար օգտագործելու հնարավորությունները»,- նշել են վերլուծաբանները։
Հիշեցնենք, որ Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ավարտվել է 2 տրլն 886,5 մլրդ դրամ եկամուտներով (կատարողականը կազմել է 101,3%) և շուրջ 3,3 տրլն դրամ ծախսերով։ Բյուջեի պակասուրդն արձանագրվել է ՀՆԱ-ի 3,7%-ի մակարդակում։ Տնտեսական աճը կազմել է 7,2%, իսկ հարկային եկամուտները գերազանցել են 2,7 տրլն դրամը։ Եկամուտները եղել են 2 տրլն 886,5 մլրդ դրամի մակարդակում (աճը 2024 թվականի համեմատ՝ շուրջ 12%), հարկային եկամուտներն ու պետական տուրքերը՝ 2 տրլն 725 մլրդ դրամ։ Հիմնական տնտեսական օրենքի ծախսերը կազմել են 3,3 տրլն դրամ։
Զգալի միջոցներ են ուղղվել ենթակառուցվածքների զարգացմանը և սոցիալական ոլորտին։ Օրինակ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փաստացի ծախսերը կազմել են 874,1 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերը հասել են ՀՆԱ-ի 6,2%-ին՝ գերազանցելով բյուջեի պակասուրդը (283,8 մլրդ դրամով)։
ՀՀ պետական պարտքը 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ՝ նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելանալով 11 միլիարդ դրամով։
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը գերազանցում է 14,5 մլրդ դոլարը, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 52,9%-ը։ Մեկ շնչին ընկնող պարտքի բեռը մոտենում է 4,7 հազար դոլարի սահմանագծին։ Ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում առանձնանում են հետևյալ ցուցանիշները. արտաքին պարտքը գտնվում է շուրջ 6,9 մլրդ դոլարի մակարդակում, ներքին պարտքը նույնպես կազմում է մոտավորապես 6,9 մլրդ դոլար։