Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026 18:40
Ալինա Հովհաննիսյան

DigiTec-ը հայտարարել է երկրի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության անցկացման ամսաթիվը

DigiTec-ը հայտարարել է երկրի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության անցկացման ամսաթիվը

Արմինֆո. DigiTec-ը՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունն, այս տարի կկայանա նոյեմբերի 20-22-ին։

 

Ինչպես նշվում է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրությւոնում, վերջին երկու տասնամյակների ընթացքում DigiTec-ը մեկ ցուցասրահ զբաղեցնող ցուցահանդեսից վերաճել է տարածաշրջանի ամենաազդեցիկ տեխնոլոգիական հարթակներից մեկի։ «Այն դարձել է տեխնոլոգիական առաջնորդների, հիմնադիրների, ներդրողների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և նորարարների հանդիպման վայր՝ նպաստելով մեր երկրի տեխնոլոգիական հեռանկարների ձևավորմանը», - նշվում է հաղորդագրությունում։

 

2025 թվականի հոբելյանական՝ 20-րդ թողարկումը միավորել էր ավելի քան 30 000 այցելու, շուրջ 200 ցուցադրող ընկերություն, 100 միջազգային բանախոս և մասնակիցներ ավելի քան 30 երկրներից։

 

DigiTec 2026-ը, որը  նպատակ ունի զարգացնել և գերազանցել նախորդ տարվա ձեռքբերումները, տեղի է ունենալու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարևոր շրջադարձի փուլում։ «Հայաստանը արագորեն ձևավորվում է որպես արհեստական բանականության ենթակառուցվածքների տարածաշրջանային կենտրոն։

Այս զարգացումները, համակցվելով Հայաստանի ռազմավարական դիրքի հետ՝ Եվրոպայի, Ծոցի երկրների և Կենտրոնական Ասիայի միջև, երկիրը դարձնում են բնական կամուրջ աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական շուկաների միջև։

Այս տարվա DigiTec-ի բովանդակությունը մեծապես խարսխված է պատմական այս շրջադարձի վրա»,– նշել են կազմակերպիչները հաղորդագրությունում։ 

 

Նա եւ նշվում է, որ թեմատիկ ուղղությունները և միջազգային առաջատար բանախոսների ցանկը կհայտարարվեն հաջորդիվ։ Կազմակերպիչները խոստանում են տեխնոլոգիական աշխարհի ամենահեղինակավոր բանախոսների աննախադեպ մասնակցություն։ Բացի խորհրդաժողովից և ցուցահանդեսից, DigiTec 2026-ը կներկայացնի բիզնես կապերի ձևավորման ընդլայնված հնարավորություններ։

 

Առաջին DigiTec-ն անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) երկարամյա գործադիր տնօրեն, տեխնոլոգիական համայնքի առաջնորդ  լուսահոգի Կարեն Վարդանյանը։