
Արմինֆո. 2025 թվականին Հայաստանն ընդունել է 2.3 միլիոն զբոսաշրջիկ, ընդ որում, հաշվի առնելով կառավարության տարեկան բյուջեն, զբոսաշրջության ոլորտի զարգացման համար պետությունը մեկ միջազգային այցելուի համար ծախսում է ընդամենը 1,77 դոլար։
Այդ մասին հայտարարել է հյուրանոցային բիզնեսի և ներդրումների ոլորտում միջազգային հայտնի փորձագետ Տակույա Աոյաման՝ Hospitality Investment Forum Yerevan 2026 (HIF) միջազգային ներդրումային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ Հայաստանը համեմատելով Ադրբեջանի հետ, ուր անցյալ տարի այցելել է 2,5 մլն զբոսաշրջիկ, նա նշել է, որ այնտեղ մեկ զբոսաշրջիկին բաժին է ընկնում 13 դոլար պետական ծախս:
«Այսինքն՝ Հայաստանը արժեք է ստանում։ Փողը մեկ բան է, բայց եթե չկարողանաք ձևավորել ոչ նյութական արժեքներ, ապա հաջողության չեք հասնի», - ասել է փորձագետը:
Հղում անելով զբոսաշրջության ոլորտում կառավարության 2026-2030թթ.ռազմավարական գործողությունների ծրագրին՝ Աոյաման ընդգծել է, որ Հայաստանի համար հիմնական մարտահրավերներից են մնում միջազգային ճանաչելիության բարձրացումը, զբոսաշրջային հոսքերի սեզոնայնության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայությունը, ոչ բավարար բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներառականության, կայունության և մատչելիության հարցերը:
Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարությունը մտադիր է Հայաստանը վերածել բուտիկային զբոսաշրջության ուղղության (boutique destination) ՝ հենվելով նրա մշակութային ժառանգության, գաստրոնոմիայի եւ արկածային զբոսաշրջության հնարավորությունների վրա:
Աոյամայի կարծիքով՝ Հայաստանն ունի ռեսուրսներ, որոնք կարելի է արդյունավետ ներկայացնել և առաջ մղել միջազգային շուկայում։ Այս համատեքստում նա կարևորել է հայկական սփյուռքի ներգրավումը՝ զբոսաշրջության ոլորտում ներդրումների տեսանկյունից ։
"Իշխանությունները լավ ռազմավարություններ են մշակում, միջոցներ են ներդնում, բայց եթե այդ ամենը հետաքրքրություն չի ձեւավորում Հայաստանի նկատմամբ՝ որպես զբոսաշրջային ուղղություն, ապա աճի հասնել չի հաջողվի", - ասել է փորձագետը:
Նա նաև ներկայացրել է ընդհանուր տվյալներ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ։ Մասնավորապես, նրա խոսքով, զբոսաշրջության բաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում կազմում է 14,4 տոկոս: Հայաստան, հիմնականում, այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից: Ակտիվ աճ են ցուցադում Չինաստանի և Հնդկաստանի շուկաները, սակայն զբոսաշրջիկների բացարձակ թվով դրանք դեռևս զգալի ծավալների չեն հասել։
Վկայակոչելով հյուրանոցային բիզնեսի ոլորտում JPS խորհրդատվական ընկերության տվյալները՝ Աոյաման հաղորդել է, որ երկրում գործում է շուրջ 23 բրենդավորված հյուրանոցային նախագիծ, ինչը, ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 2700 համար: Դրանց մեծ մասը կենտրոնացած է Երևանում, մինչդեռ, փոքր մասը գտնվում է Դիլիջանում, Ծաղկաձորում և այլն։
Նրա խոսքով՝ միջին գնային կարգի հյուրանոցներում՝ համարի 94-95 եվրո միջին արժեքով, բեռնվածության մակարդակը հասնում է 70 տոկոսի, մինչդեռ, լյուքս հատվածում (համարի՝ 127 եվրոյից սկսած արժեքով) այդ ցուցանիշը կազմում է 63 տոկոս: Ընդ որում, փորձագետն ընդգծել է, որ բերված տվյալները մոտավոր են։
Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն, հունվար-մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825.4 հազար զբոսաշրջիկ, ինչը 19.3% - ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն, միայն մայիսին զբոսաշրջիկների թիվը հասել է գրեթե 200 հազարի։ Ընթացիկ տարվա ապրիլի համեմատ աճը գրանցվել է 15,5%-ի մակարդակում, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 9,9%։
Այն երկրների առաջատար եռյակում, որոնց քաղաքացիները հանգստի համար առավել հաճախ են ընտրում Հայաստանը, անփոփոխ մնում են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը:
Ողջ 2025 թվականի ընթացքում Հայաստանն ընդունել է 2.3 մլն զբոսաշրջիկ՝ տարեկան 2,5% աճով: