Երեքշաբթի, 16 Հունիսի 2026 16:59
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ. Մոտակա հեռանկարում Հայաստանում գնաճի հիմնական անորոշությունները կապված են համաշխարհային պարենային շուկաներում գնաճային միտումների շարունակականության հետ

ՀՀ ԿԲ. Մոտակա հեռանկարում Հայաստանում գնաճի հիմնական անորոշությունները կապված են համաշխարհային պարենային շուկաներում գնաճային միտումների շարունակականության հետ

Արմինֆո.  Մոտ ապագայում Հայաստանում գնաճի հիմնական անորոշությունները կապված են համաշխարհային պարենային շուկաներում ձևավորվող գնաճային միտումների շարունակականության և այս համատեքստում ներքին գների ճշգրտման արագության և մասշտաբի հետ: Այդ մասին նշվում է է ս.թ. հունիսի 16 - ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախկին  6.5% մակարդակում պահպանելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի ընդունած որոշման հիմնավորման մեջ։

 

Մասնավորապես, Հայաստանում գնաճի արագացմանը կարող են նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության պայմաններում հումքային ապրանքների բարձր գների պահպանումը և առևտրային ուղիների խափանումների հետևանքները: ԿԲ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նավթի եւ պարենային ապրանքների համաշխարհային գների աճը առայժմ միայն մասամբ է արտացոլված տեղական գներում։ Մյուս կողմից, արտահանման առանձին շուկաներում (Մերձավոր Արևելք, Ռուսաստան և այլն) առաջացած խնդիրները, հատկապես հաշվի առնելով գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման ցածր մակարդակը, կարող են հանգեցնել ներքին շուկայում որոշ ապրանքների նկատմամբ գերառաջարկի ձևավորմանը ՝ իրենց մեջ կրելով առավելապես գնանկումային ճնշում:

 

Կոշտ գներով աչքի ընկնող ծառայությունների և ոչ արտահանվող ապրանքների շուկայում աճող գնաճը շարունակում է ձևավորվել թիրախային շեմին մոտ ՝ ցույց տալով արագացման որոշակի միտումներ: Այս գործոնի համադրումը մասնավոր հատվածում աշխատավարձերի աճի կայունացման հետ 5-6% - ի սահմաններում ցույց է տալիս, որ գնաճային սպասումները շարունակում են կայունանալ թիրախային նշաձողի մոտ։

 

2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5․1%: 2026 թվականի երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների երկար պահպանման պայմաններում, համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերն ավելացել են: Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն ավելի առարկայական են: Մասնավորապես, Եվրոգոտում և Ռուսաստանում առաջին եռամսյակում գրանցվել է տնտեսական անկում, իսկ կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ նպաստելով նաև այս տնտեսություններում աճի կարողությունների թուլացմանը։ Զուգահեռաբար՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի հարաբերական կայունացման պայմաններում, դիտարկվում է էներգակիրների գների որոշակի նվազում, այդուհանդերձ, ապրանքահումքային և պարենային ապրանքների գների հեռանկարի շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Այս համատեքստում, հաշվի առնելով գնաճային միջավայրի զարգացումների շուրջ բարձր անորոշությունը, առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերը պահպանվում են:

 

2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում, այդ թվում՝ որոշ մեկանգամյա գործոնների ազդեցությամբ, որոշակիորեն դանդաղել է, սակայն դեռևս հարաբերականորեն բարձր է: Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը: Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը հիմնականում պայմանավորված է պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղերով՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս գերակշռում են առաջարկի գործոնները։ Մյուս կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականության առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ: Ավելին՝ արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձևավորման՝ պարունակելով առավելապես գնանկումային ռիսկեր։

 

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%: Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և գնաճային սպասումների արագացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, արտահանման առանձին ուղղություններում առաջացած խնդիրների արդյունքում գնանկումային ռիսկերի ձևավորման և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի: Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:

 

Պահանջարկի ընդլայնումն ուղեկցվում է ներմուծման և մանրածախ առևտրի ակտիվացմամբ

 

2026թ. 1-ին եռամսյակում տնտեսական աճը, նախորդ եռամսյակներում արձանագրված բարձր աճերից հետո, այդ թվում պայմանավորված որոշ մեկանգամյա գործոններով, դանդաղել է՝ կազմելով տ/տ 4.0%, իսկ տնտեսական ակտիվությունը շարունակում է ձևավորվել բարձր 6-7% մակարդակներում։ Տնտեսական աճին և ակտիվությանը շարունակել են մեծապես նպաստել շինարարության ոլորտը և ծառայությունների ճյուղի՝ հիմնականում պահանջարկի ընդլայնմամբ շարժվող մի շարք ենթաճյուղեր։ Վերջինս ուղեկցվում է նաև ներմուծման և մանրածախ առևտրի զգալի ակտիվացմամբ։ Սա կարող է վկայել պահանջարկի բարձր պայմանների առկայության և դրանց ընդլայնման մասին:

 

Պահանջարկի պայմանների ընդլայնմանն է նպաստում նաև դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի զգալի ակտիվացումը։ 2026թ.-ի հունվար-մայիս ամիսներին դրանք աճել են շուրջ 20%-ով՝ ձևավորվելով պատմականորեն բարձր մակարդակում։ Մի կողմից, վերոնշյալ աճը կարող է մասամբ արտահայտել ՌԴ-ից դեպի Մերձավոր Արևելք զբոսաշրջային ուղղության սահմանափակման ազդեցությունը և կրել ժամանակավոր բնույթ: Մյուս կողմից, ներհոսքի աճն ըստ երկրների աստիճանաբար կրում է առավել ընդգրկուն բնույթ՝ ուղեկցվելով այցելուների կազմի և կառուցվածքի որոշակի փոփոխություններով:

 

Մյուս կողմից, մշակող արդյունաբերության ճյուղում աճը որոշակի դանդաղել է՝ այդ թվում պայմանավորված Մերձավոր Արևելքի լարվածության պայմաններում առևտրային ուղիների որոշակի սահմանափակմամբ։ Նշված զարգացումները նկատելի են ծխախոտի թողարկման և արտահանման ցուցանիշներում։ Գյուղատնտեսական և պատրաստի սննդի մի շարք ապրանքախմբերի նկատմամբ ՌԴ կողմից ներմուծման պայմանների խստացումը լրացուցիչ մարտահրավերներ է պարունակում այս ճյուղերի համար և արտահանման այլընտրանքային ուղղությունների սահմանափակության պարագայում կարող է հանգեցնել ՀՀ տնտեսությունում եկամուտների որոշակի նվազման: Դեպի ՌԴ սեզոնային միգրացիայի միտումների և գումարի փոխանցման եղանակների շուրջ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ ընթացիկ մակարդակում ռուբլու փոխարժեքի երկար պահպանումը կարող է ավելացնել ՀՀ-ից դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի շարժառիթները: Մյուս կողմից՝ տնտեսական աճի զգալի թուլացումը, ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի վերաբերյալ բարձր անորոշությունն ու միգրացիոն քաղաքականության խստացումը կարող են որոշակիորեն զսպել դեպի ՌԴ միգրացիոն հոսքերը՝ նպաստելով ՀՀ-ում աշխատուժի առաջարկի աճին և գնանկումային ռիսկերի ձևավորմանը:

 

Վերոնշյալ ազդակները կարող են վկայել 2026թ. 2-րդ եռամսյակում ՀՆԱ ճեղքի մեծացման և նախկին գնահատումների համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում ձևավորման մասին: Այնուամենայնիվ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները, տարբեր ճյուղերում անհամաչափ, ոչ միանշանակ զարգացումները ավելացնում են տնտեսության մեջ համախառն պահանջարկի և առաջարկի հարաբերական դիրքի շուրջ առկա անորոշությունները: Մի կողմից՝ վարկավորման և մանրածախ առևտրի բարձր աճերը, հիմնականում պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված ճյուղերում բարձր ակտիվության արձանագրումը, միգուցե վկայում են տնտեսությունում զգալի ավելցուկային պահանջարկի առկայության մասին: Մյուս կողմից՝ աճի կենտրոնացվածությունը, ոչ արտահանելի կոշտ գների և աշխատավարձերի ավելի չափավոր աճը համահունչ են տնտեսությունում ավելի հավասարակշռված դիրքի հետ:

 

Պետական բյուջեի եկամուտները՝ սպասումների համեմատությամբ ավելի բարձր տնտեսական ակտիվության և գնաճի պայմաններում, 2026 թ-ի առաջին ամիսներին գերակատարվել են: Մյուս կողմից, պետական բյուջեի ծախսերը, պատմական միտումներին համահունչ, թերակատարվում են՝ հիմնականում արտահայտելով կապիտալ ծախսերի ցածր կատարողականը: Այդուհանդերձ, առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների բարձրացմամբ պայմանավորված, հարկաբյուջետային քաղաքականության՝ առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը պահպանվում են: Միևնույն ժամանակ, ՌԴ կողմից ներմուծման պայմանների խստացումը, կարող է հարկաբյուջետային լրացուցիչ, զգալի օժանդակության անհրաժեշտություն առաջացնել՝ "հարկաբյուջետային սահմանափակ տարածքի" պայմաններում ճնշումներ գործադրելով երկրի ռիսկի հավելավճարի վրա: 

Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը ձևավորվել է պատմականորեն ցածր մակարդակում

 

Հայաստանի երկրի ռիսկի կարճաժամկետ հավելավճարը վերջին եռամսյակներում նվազել է ՝ արտացոլելով ինչպես գլոբալ, այնպես էլ երկրին հատուկ գործոնների ազդեցությունը և ձևավորվել է պատմականորեն ցածր մակարդակում: Միևնույն ժամանակ, աստիճանաբար ուժեղանում են ազդակները, որոնք ցույց են տալիս, որ երկրի ռիսկի հավելավճարի ներկայիս ցածր մակարդակը կարող է հիմնականում արտացոլել հիմնարար ցուցանիշների բարելավումը և Հայաստանին հատուկ գործոնների ազդեցությունը, այդ թվում ՝ կապված ՀՀ-ի շուրջ անվտանգության ռիսկերի նվազեցման ընկալման հետ ։

 

Աշխատանքի շուկայում ձևավորվել է որոշակի ավելորդ պահանջարկ

 

Չնայած վերջին շրջանում դիտարկվող տատանողականությանը, մի շարք կարևոր ցուցիչների համադրումը կարող է վկայել աշխատանքի շուկայում ձևավորված հավասարակշռության մասին։ Գործազրկության մակարդակը տատանվում է 12-13% միջակայքում, գրանցված աշխատատեղերի թվաքանակը կայուն աճում է, իսկ մասնավոր անվանական աշխատավարձերի աճը, առանց ֆինանսական ոլորտի, շարունակել է կայունանալ՝ 2026 թ. առաջին եռամսյակում ձևավորվելով տ/տ 5%-ի շուրջ։ Այդուհանդերձ, վերջին ամիսներին, ծառայությունների առանձին ենթաճյուղերի աճի ավելացմանը համահունչ, այդ ճյուղերում նկատվում է նաև աշխատավարձերի աճի տեմպերի արագացում։

 

Միևնույն ժամանակ, գործազրկության ընթացիկ մակարդակը կարող է մասամբ արտացոլել նաև աշխատաշուկայում ձևավորված որոշակի ավելցուկային պահանջարկը՝ հատկապես այն պայմաններում, երբ 2025 թ. երկրորդ կեսին գործազրկության մակարդակը հավանաբար ցածր է եղել գնահատվող բնական մակարդակից, իսկ դրանից բխող աշխատավարձի ու գնաճի ռիսկերը դեռևս կարող են դրսևորվել աշխատավարձերի կոշտությունների պատճառով: Միևնույն ժամանակ, չի բացառվում նաև, որ վերջին տարիներին գործազրկության բնական մակարդակը աստիճանաբար նվազել է՝ ձևավորվելով 11–13% միջակայքում։ Վերջինիս կարող էին նպաստել 2022 թ-ից արտադրողականության և արտահանման կարողությունների ընդլայնումը, բարձր որակավորում ունեցող աշխատուժի ինտեգրումը և տնտեսությունում, երկարաժամկետ հաստատումը ՀՀ տարբեր էլեկտրոնային հարթակների զարգացմամբ պայմանավորված՝ աշխատատեղերի և աշխատուժի համապատասխանեցման արդյունավետության բարձրացումը, տնտեսական աճի առանձնահատկությունները և այլ գործոններ։

 

Մյուս կողմից՝ ՌԴ-ից ՀՀ ոչ առևտրային դրամական փոխանցումների ծավալները և քանակը վերջին ամիսներին աճել են, ինչը կարող է վկայել այն մասին, որ ռուբլու արժևորման ու Ռուսաստանում աշխատուժի պակասուրդի խնդիրները գերակշռել են միգրացիոն հոսքերը սահմանափակող գործոնների ազդեցությանը՝ խթանելով աշխատանքային հոսքերի աճը։ Ամփոփելով նշենք՝ չնայած աշխատաշուկայից եկող ոչ միանշանակ ազդակներին, որոշ զարգացումներ կարող են վկայել տնտեսության համեմատաբար առավել հավասարակշռված դիրքի մասին: Առաջիկայում հիմնական անորոշությունը վերաբերում է աշխատուժի առաջարկի աճի հնարավորություններին, հատկապես, եթե պահանջարկի պայմաններն ընդլայնվեն։

 

 

Համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները վատթարացել են

 

2026թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարը վատթարացել է` պայմանավորված Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ լարվածության պահպանման պայմաններում աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների գների ու դրանց տատանողականության էական աճով: Աշխարհաքաղաքական զարգացումների և տնտեսական քաղաքականությունների էական վերափոխումների պայմաններում, տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակներում դրսևորել է զգալի տատանողականություն՝ ընդհանուր առմամբ թուլանալով և 2026 թ. 1-ին եռամսյակի ընթացքում կազմելով եռ/եռ տարեկանացված 1.6%-ի շուրջ։ Հիմնական կապիտալում, հատկապես ԱԲ ենթակառուցվածքներում ներդրումները, ինչպես նաև մասնավոր սպառումը, չնայած աճի տեմպի շարունակական դանդաղմանը, տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերն են։ Աշխատանքի շուկայի տարբեր ցուցիչների համադրումը ևս, վկայում է տնտեսությությունում ավելի հավասարակշռված դիրքի ձևավորման մասին։ Զուգահեռաբար, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության երկար պահպանումը և առևտրային ուղիների սահմանափակումը տնտեսական աճի հեռանկարի հետագա վատթարացման և միաժամանակ, գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր է պարունակում:

 

Մյուս կողմից, մաքսատուրքերի մի մասի չեղարկման և կուտակված հետվճարների գծով պարտավորության կատարման պայմաններում հարկային եկամուտների հավաքագրման հնարավորությունների շուրջ անորոշությունն աճել է։ Այս պայմաններում, առավել ընդլայնող հարկաբյուջետային ծախսային քաղաքականության իրականացումը, այդ թվում պայմանավորված պաշտպանությանն ուղղվող ծախսերի աճի անհրաժեշտությամբ, կարող են միջնաժամկետում հանգեցնել պետական պարտքի զգալիորեն ավելի բարձր ուղեգծի՝ առաջացնելով երկարաժամկետ իրական տոկոսադրույքների հետագա աճի կամ բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկեր։ Նման զարգացումները կարող են ազդել ինչպես ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հեռանկարի, այնպես էլ զարգացող երկրներում չեզոք տոկոսադրույքի մակարդակի և կապիտալի հոսքերի վրա։ 2026թ. երկրորդ եռամսյակի ընթացքում գնաճը զգալիորեն արագացել է՝ հունիսին կազմելով տ/տ 4.2%: Կոշտ գների և ծառայությունների գնաճը նույնպես արագացել է՝ պահպանվելով թիրախից զգալիորեն բարձր։ Այս պայմաններում, ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից գների կայունության և լրիվ զբաղվածության ապահովման խնդրի իրագործումը զգալիորեն դժվարանում է:

 

2026 թ. 1-ին եռամսյակում Եվրոգոտու տնտեսական աճը շարունակել է թուլանալ՝ գրանցելով եռ/եռ 0.2% անկում` արտացոլելով պահպանվող կառուցվածքային խնդիրներն արդյունաբերությունում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության բացասական ազդեցությունները։ Էներգակիրների բարձր գների և դրանց մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում, գնաճային ճնշումները արագորեն նյութականանում են. 2026թ-ի մայիսին 12- ամսյա գնաճը կազմել է տ/տ 3.2%, փետրվարի 1.9%-ի փոխարեն։ Միաժամանակ, հիմնարար գնաճի ցուցանիշները պահանջարկի պայմանների վերաբերյալ տարաբնույթ ազդակներ են փոխանցում. բնականոն գնաճը մոտ է թիրախային մակարդակին՝ տ/տ 2.5%, մինչդեռ ծառայությունների գնաճը պահպանվում է թիրախից զգալի բարձր՝ տ/տ 3.5% մակարդակում՝ հավանաբար արտացոլելով աշխատաշուկայի դեռևս խիստ պայմանները: Արդյունքում, հունիսի 11-ին ԵԿԲ-ն, շուկայի սպասումներին համահունչ, բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով, իսկ ֆինանսական շուկաներն ակնկալում են նաև տոկոսադրույքի հետագա բարձրացումներ։

 

2026 թ. առաջին եռամսյակում ՌԴ տնտեսությունը, կառուցվածքային խնդիրների աստիճանական արտահայտման, ինչպես նաև որոշ ժամանակավոր գործոնների ազդեցության պայմաններում, շարունակել է թուլանալ՝ գրանցելով տ/տ 0.2% անկում։ Տնտեսության առանձին հատվածներում, մասնավորապես անշարժ գույքի շուկայում և ֆինանսական հատվածում, դիտարկվող զարգացումները, կարող են վկայել նաև կառուցվածքային խնդիրների խորացման մասին։ Մյուս կողմից, նավթի բարձր գների երկար պահպանումը կարող է նպաստել պահանջարկի, և հատկապես հարկաբյուջետային տարածքի ընդլայնմանը: Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները շարունակում են մնալ խիստ. գործազրկության մակարդակը պահպանվում է պատմական ցածր մակարդակում, իսկ իրական աշխատավարձի աճը տարեսկզբից զգալիորեն արագացել է: Այս պայմաններում 2026 թ. առաջին եռամսյակում, չնայած ընդհանուր և բնականոն գնաճի տեմպերը թուլացել են, ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները դեռևս պահպանվում են թիրախից զգալի բարձր մակարդակում՝ զգալիորեն բարդացնելով ՌԴ ԿԲ գնաճ-տնտեսական աճ երկընտրանքի արդյունավետ կառավարման խնդիրը:

 

Նավթի գները փոքր-ինչ նվազել են

 

Նավթի գները՝ համաշխարհային պահանջարկի աստիճանական ճշգրտման և Մերձավոր Արևելքի հակամարտության առաջիկա կարգավորման շուրջ լավատեսական սպասումների ձևավորման պայմաններում որոշակիորեն նվազել է՝ շարունակելով ձևավորվել՝ տարեսկզբի համեմատությամբ զգալիորեն ավելի բարձր մակարդակներում։ Հորմուզի նեղուցով առևտրային ուղիների խաթարումները ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա, որի պայմաններում առկա են նաև պարենային ապրանքների գների հետագա աճի ռիսկեր։