
Արմինֆո.Moody's Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) վարկանիշը B2 մակարդակում՝ «Կայուն» հեռանկարով: Այս մասին են վկայում Moody's-ի կողմից ԶՊՄԿ վարկանիշների հերթական պարբերական վերանայման արդյունքները։
Գործակալությունն իր այս վերանայման մեջ, ընդգծելով ԶՊՄԿ-ի նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, նշում է արտադրության մրցունակ ինքնարժեքը, կայուն ֆինանսական ցուցանիշները և ընկերության հասանելիությունը ֆինանսավորման գործիքներին:
Վարկանիշի և կայուն հեռանկարի հաստատումը ընկերության ֆինանսական պրոֆիլի կայունության, դրա օպերատիվ գործունեության արդյունավետության և երկարաժամկետ ներդրումային ծրագիրն իրականացնելու կարողության անկախ հավաստումն է:
Զեկույցում նաև նշվում է, որ ԶՊՄԿ-ն կշարունակի իրականացնել ռազմավարական նախաձեռնությունները, որոնք ուղղված են արտադրության արդյունավետության բարձրացմանը, մրցակցային առավելությունների ամրապնդմանը և բոլոր շահագրգիռ կողմերի համար երկարաժամկետ արժեքի ստեղծմանը:
Համաձայն 31.12.2025թ. դրությամբ ԶՊՄԿ-ի հրապարակված ֆինանսական հաշվետվության տվյալների՝ ընկերության ակտիվները 2025 թվականին աճել են 5%-ով՝ հասնելով 479․1 մլրդ դրամի, իսկ ընդհանուր պարտավորությունները՝ 13%-ով՝ մինչև 219․8 մլրդ դրամ: Մասնավորապես, հաշվետու տարում լեռնակապիտալ (մակաբացման) աշխատանքների գծով ակտիվներն աճել են 50%-ով՝ հասնելով 77 մլրդ դրամի, հիմնական միջոցներն ու ոչ նյութական ակտիվներն աճել են 7%-ով՝ հասնելով 261․8 մլրդ դրամի, ապրանքանյութական պաշարները նվազել են 7%-ով՝ կազմելով 45․3 մլրդ դրամ, դեբիտորական պարտքերը նվազել են 9%-ով՝ կազմելով 26․2 մլրդ դրամ, իսկ պետական բյուջեից փոխհատուցվող ռոյալթին ամբողջությամբ զրոյացվել է (2024թ. 19․9 մլրդ դրամի դիմաց)։
Ընկերության սեփական կապիտալը կազմել է 259․3 մլրդ դրամ: 2025 թվականի ընթացքում ընկերությանը հաջողվել է 7%-ով ավելացնել զուտ շահույթը՝ ապահովելով այն 48․2 մլրդ դրամի մակարդակում:
Ընկերության փոխտնօրեն Վարդան Ջանյանն օրերս ընդգծել է, որ հանքարդյունաբերության ոլորտը, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ն, տնտեսությունն ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող հումքով՝ պղնձով և մոլիբդենով։ «Պղինձը ժամանակակից էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության և տվյալների մշակման կենտրոնների հիմնական նյութերից մեկն է։ Առանց դրա անհնար է տեխնոլոգիական զարգացումը։ Իսկ մոլիբդենն իր հերթին լայնորեն կիրառվում է մեքենաշինության ու պաշտպանական արդյունաբերության մեջ անհրաժեշտ համաձուլվածքների արտադրության մեջ»,- նշել է Ջանյանը՝ հավելելով, որ ոլորտը նպաստում է բարձր տեխնոլոգիական ուղղությունների զարգացմանը ոչ միայն որպես հումքի մատակարար, այլև որպես երկրի խոշորագույն հարկատուներից մեկը։ «Պետական բյուջե կատարվող այս զգալի մուտքերը թույլ են տալիս ֆինանսավորել զարգացման ծրագրերը, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ոլորտներում։ Մեզ համար կարևոր է լինել այդ գործընթացների մասնիկը և աջակցել պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը»,- նշել է նա։
Ձեռնարկության տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանն ավելի վաղ հայտնել էր. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը թևակոխում է արտադրողականության աճի նոր փուլ։ Մոտ ապագայում նախատեսվում է հանքաքարի վերամշակման տարեկան ծավալը 22 մլն տոննայից հասցնել 30 միլիոնի»։
Նշենք, որ ԶՊՄԿ-ն ընդգրկված է Հայաստանի 5 խոշորագույն հարկատուների ցանկում։ 2025 թվականին կոմբինատը պետական գանձարան է ուղղել 52․2 մլրդ դրամի հարկային մուտքեր։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է։ Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։