Շաբաթ, 13 Հունիսի 2026 15:26
Ալինա Հովհաննիսյան

Վերականգնվող էներգետիկան, էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը Հայաստանի էներգետիկ քաղաքականության հիմնական ուղղություններից են․ Նարեկ Ապիտոնյան

Վերականգնվող էներգետիկան, էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը Հայաստանի էներգետիկ քաղաքականության հիմնական ուղղություններից են․ Նարեկ Ապիտոնյան

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Բրյուսելում մասնակցել է Միջազգային արևային դաշինքի (ISA) Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի յոթերորդ լիագումար նիստին:

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նիստի շրջանակներում Ապիտոնյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ընդգծել է, որ ISA-ն էական դեր է խաղացել տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, արևային և վերականգնվող էներգիայի զարգացման խթանման, ինչպես նաև անդամ երկրների միջև փորձի և գիտելիքների փոխանակման գործում։

 

Նախարարի տեղակալը նիստի շրջանակներում ներկայացնել է Հայաստանի էներգետիկ ոլորտում վերջին զարգացումները՝ ISA-ի առաջնահերթությունների համատեքստում։

 

Ապիտոնյանը նկատել է, որ վերականգնվող էներգետիկան, էներգաարդյունավետությունը և էներգախնայողությունը Հայաստանի էներգետիկ քաղաքականության հիմնական ուղղություններից են։ Հայաստանը շարունակում է կատարելագործել իր կարգավորող և ներդրումային միջավայրը՝ լիարժեքորեն իրացնելու վերականգնվող էներգիայի ներուժը։

 

«Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ISA-ի շրջանակներում և ակտիվորեն մասնակցելու դրա նախաձեռնություններին՝ նպաստելով տարածաշրջանային էներգետիկ անվտանգության, կայունության և նորարարության ամրապնդմանը», - նշվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում էր մինչև 2030 թվականը երկրի էներգահաշվեկշռում արևային էներգիայի տեսակարար կշիռը 0,3%-ից հասցնել մինչեւ 15%, սակայն արդեն այսօր ակնհայտ է դարձել, որ այդ ցուցանիշը գերակատարվելու է: Երկիրն ունի արևային էներգիայի մեծ ներուժ. արևային էներգիայի ներհոսքի միջին տարեկան արժեքը հորիզոնական մակերեսի 1 քմ համար կազմում է 1720 կՎտժ/քմ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդի արևային էներգիայի պաշարները՝  տարեկան առնվազն 1850 կՎտժ/ քմ ինտենսիվությամբ: Սակայն կուտակիչ կայանների բացակայությունը զսպում է երկրի էներգետիկ այդ հատվածի զարգացումը։

 

Նշենք, որ միջազգային արևային դաշինքը (ISA) միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ 2015 թվականին Փարիզում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP21) ընթացքում: Նրա գործունեությունն ուղղված է արևային էներգիայի օգտագործման ընդլայնմանը, պետությունների էներգետիկ անվտանգության բարձրացմանը և Էներգիայի Էկոլոգիապես մաքուր աղբյուրների գլոբալ անցմանը նպաստելուն:

 

ISA կենտրոնակայանը գտնվում է Գուրուգրամում (Հարյան նահանգ, Հնդկաստան)։ Կազմակերպությունն իրականացնում է "Towards 1000" ռազմավարությունը, որը նախատեսում է մինչեւ 2030 թվականը արեւային էներգետիկայում 1 տրլն դոլարի ներդրումների մոբիլիզացում, 1 մլրդ մարդու համար մաքուր էներգիայի հասանելիության ապահովում եւ 1000 ԳՎտ նոր արեւային հզորությունների ստեղծում: