Հինգշաբթի, 11 Հունիսի 2026 15:42
Ալեքսանդր Ավանեսով

ՀԾԿՀ ղեկավար․ Ակնհայտ է, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կփոխվեն նաեւ էլեկտրաէներգիայի սակագները

ՀԾԿՀ ղեկավար․ Ակնհայտ է, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կփոխվեն նաեւ էլեկտրաէներգիայի սակագները

Արմինֆո. Ակնհայտ է, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կփոխվեն նաև էլեկտրաէներգիայի սակագները։ Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

 

Նրա խոսքով, երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 30-35%-ը բաժին է ընկնում ջերմային էլեկտրակայաններին, եւ գազի գնի բարձրացման դեպքում սակագնի վրա ազդեցությունը բացասական կլինի: Այնուամենայնիվ, ինչպես կարծում է ՀԾԿՀ ղեկավարը, դրանից տեկտոնական փոփոխություններ պետք չէ ակնկալել, երկիրը չի հայտնվի 1990-ականների սկզբի իրավիճակում, երբ էներգետիկ ճգնաժամի արդյունքում հովհարային անջատումներ էին լինում: Մեսրոպյանը նշել է, որ վերջին տարիներին երկրում ակտիվորեն զարգացել և շարունակում է զարգանալ արևային էներգետիկան: Միայն արևային էլեկտրակայանների առկայությունը թույլ կտա խուսափել 1990-ականների սկզբի ճգնաժամից։

 

Միաժամանակ, ՀԾԿՀ ղեկավարը ենթադրություն է հայտնել գների բարձրացումից հետո առաջին փուլում հնարավոր խնդիրների առաջացման մասին, սակայն ոչ մի հովհարային անջատում չի սպասվում: Նա հավելել է, որ շուտով կսկսվեն կուտակիչ կայանքների ներդրման աշխատանքները, ինչը նաեւ թույլ կտա համահարթել խնդրի հնարավոր առաջացումը: Նա նաև նշել է, որ եթե անգամ վաղը ՌԴ-ն բարձրացնի գազի գինը, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը հանրապետությունում կգործեն ներկայիս սակագները, այսինքն, որևէ ցնցում չի լինի։ Բացի այդ, անցած տարիների ընթացքում գազի ոլորտում հաջողվել է կուտակել զգալի ռեսուրսներ, որոնք հնարավոր կլինի ուղղել գների աճի հետևանքների մեղմմանը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման շուրջ համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիրը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177,5 դոլար գնով՝ 1000 խմ դիմաց։ Միևնույն ժամանակ, "կապույտ վառելիքի" արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: