
Արմինֆո. Հայաստանում «օդի հարկի» արտոնություններից օգտվող ավիաընկերությունները պետք է մեկ տարվա ընթացքում իրականացնեն առնվազն 40 չվերթ։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ին կառավարության նիստում։
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ գործող կանոնակարգի համաձայն՝ ավիաընկերությունները ավիափոխադրումների պետական տուրքից, կամ ինչպես անվանում են՝ «օդի հարկից» ազատվելու համար պարտավոր էին նոր ուղղություններով իրականացնել 28 չվերթ ամառային սեզոնին և 20 չվերթ՝ ձմեռային սեզոնին։ Սակայն հաճախ լինում է այնպես, որ ամառային սեզոնին իրականացվում է 60-70 չվերթ, իսկ ձմեռայինին՝ 10 և ավելի քիչ։ Այդ պատճառով սահմանվում է ողջ տարվա համար միասնական քանակ՝ 40 ավիաչվերթ։ Բացի այդ, կառավարության նախկինում գործող որոշումը համապատասխանեցվում է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնք ուժի մեջ են մտել ընթացիկ տարվա մայիսի 5-ից։ Այսպիսով, օրենքի համաձայն, ավիաընկերություններին հարկային արտոնությունը տրամադրվում է երեք տարի ժամկետով՝ երկու անգամ երկուական տարով երկարաձգման իրավունքով։ Սահմանվում է նաև թվային ձևաչափով ուղևորներին ծառայություններ մատուցելու հնարավորություն։
Փոխնախարարը հայտնել է նաև, որ 2019 թվականից, երբ փոփոխություններ կատարվեցին գործող օրենսդրության մեջ, նկատվում է թռիչքների աշխարհագրության ընդլայնման լավ դինամիկա։ 2025 թվականին ընդունվել է փոխադրումների սուբսիդավորման ծրագիր, որից ներկայումս օգտվում է երկու ավիաընկերություն։ Նույն՝ 2025 թվականից նկատվում է ավիափոխադրումների 7,5% աճ։
Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախկինում ընդունված որոշումների արդյունքում ակնհայտ են դրական տեղաշարժերը։ Զբոսաշրջային այցելությունների զգալի աճը մեծապես կապված է նաև թռիչքների աշխարհագրության ընդլայնման հետ։ Ավիացիոն ոլորտի հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է լուծել 2 գլխավոր խնդիր՝ ընդլայնել երևանյան «Զվարթնոց» օդանավակայանը և բարեփոխել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։