
Արմինֆո.Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Միջազգային արևային դաշինքի (International Solar Alliance - ISA) գլխավոր տնօրեն Աշիշ Խաննայի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրոպայի և այլ երկրների տարածաշրջանային կոմիտեի 7-րդ նիստի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում Ապիտոնյանը ներկայացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման ներկա վիճակը և ոլորտում առկա մարտահրավերները։ Կողմերն ընդգծել են էներգիայի կուտակման համակարգերի ներդրման ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրության կարևորությունը։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում անցկացնել նոր հանդիպում և քննարկել ավելի առարկայական համագործակցության հնարավորությունները։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում էր մինչև 2030 թվականը երկրի էներգետիկ հաշվեկշռում արևային էներգիայի տեսակարար կշիռը 0,3%-ից հասցնել 15%-ի, սակայն արդեն այսօր ակնհայտ է դարձել, որ այդ ցուցանիշը գերակատարվելու է։ Երկիրն ունի արևային էներգիայի մեծ պոտենցիալ. հորիզոնական մակերևույթի 1 մ2-ի վրա արևային էներգիայի ներհոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի քառորդ մասն օժտված է տարեկան առնվազն 1850 կՎտժ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով։ Սակայն կուտակիչ կայանների բացակայությունը զսպում է երկրի էներգետիկայի այս սեգմենտի զարգացումը։
Նշենք, որ Միջազգային արևային դաշինքը (ISA) միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ 2015 թվականին Փարիզում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP21) ժամանակ։ Դրա գործունեությունն ուղղված է արևային էներգետիկայի օգտագործման ընդլայնմանը, պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներին գլոբալ անցմանը խթանելուն։
ISA-ի կենտրոնակայանը գտնվում է Գուրուգրամում (Հարյանա նահանգ, Հնդկաստան): Կազմակերպությունն իրականացնում է «Towards 1000» ռազմավարությունը, որը նախատեսում է մինչև 2030 թվականը արևային էներգետիկայի ոլորտում մոբիլիզացնել 1 տրիլիոն դոլարի ներդրումներ, ապահովել մաքուր էներգիայի հասանելիություն 1 միլիարդ մարդու համար և ստեղծել 1000 ԳՎտ նոր արևային հզորություններ։