Հինգշաբթի, 4 Հունիսի 2026 13:13
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կներդրվեն չափորոշիչներ ֆիթնես կենտրոնների և մարզասրահների համար

Հայաստանում կներդրվեն չափորոշիչներ ֆիթնես կենտրոնների և մարզասրահների համար

Արմինֆո.  Կառավարությունը հունիսի 4-ի նիստում սահմանել է ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է նախորդող շրջանում կատարված «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց նպատակն է խթանել քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը՝ միաժամանակ սահմանելով որոշակի չափանիշներ տվյալ գործունեության համար։ Ժաննա Անդրեասյանի նշել է, որ օրենքի փոփոխությունից հետո իրականացվել են մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես` ֆիթնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարի վերջից մինչ օրս իրենց գործունեության մասին ծանուցել են շուրջ 40 կազմակերպություններ։

 

«Ֆիթնես ծառայություն մատուցող կազմակերպությունները գործում են գրեթե բոլոր մարզերում և Երևանում և աշխարհագրական առումով բավականին լայն ընդգրկվածություն ունեն։ Եվ իհարկե, Կառավարության քաղաքականությունը միտված է դրանց զարգացմանը, որպեսզի մարդիկ կարողանան մարզվել առողջ ու ակտիվ ժամանց ապահովող միջավայրում՝ բարելավելով իրենց առողջությունը»,-ասել է նախարարը և հավելել, որ սահմանվել է նաև ֆիթնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը՝ կարևորելով քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրող և նրանց մարզող մասնագետների պատշաճ մասնագիտական պատրաստվածության հարցը։

 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հավաստագրման կարգն այս տարվա մայիսի 7-ից ուժի մեջ է մտել և գործում է. սահմանված են հստակ ընթացակարգեր և գիտելիքների շրջանակ, որոնք հիմք են հանդիսանում հավաստագրման համար։ «Տվյալ որոշումը գալիս է ամբողջացնելու այս քաղաքականության շղթան՝ սահմանելով ֆիթնես կենտրոնների համար նախատեսվող չափորոշիչները։ Դրանք կգործեն որոշումն ընդունելուց հետո մեկ տարի անց, ինչը գործող կազմակերպությունների համար բավարար ժամանակ է՝ վերլուծելու իրենց գործունեությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան լրամշակումներ անելու»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։ Ըստ նախարարի՝ չափորոշիչները մշակվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան, կարգավորումներ են սահմանվել մարզասարքերի, օդափոխության, սանհանգույցների, ջրամատակարարման, լուսավորության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունների հասանելիության վերաբերյալ։

 

Նա հիշեցրել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարության շրջանակում մարզերում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ նախատեսվում է տիպային մարզահամալիրների կառուցում։ Առաջին փուլում դրանք նախատեսվում են Արարատում, Մարտունիում և Եղեգնաձորում։ Արարատում և Մարտունիում հողահատկացումներն արդեն իրականացվել են, նախագծերը փորձաքննություն են անցել, և այժմ շինարարական մրցույթների փուլն է։ «Այս մարզահամալիրներում նախատեսվում է նաև ֆիթնես կենտրոնների առկայություն՝ որպես համալիրների կարևոր բաղադրիչ։ Դրանց կառավարումը նախատեսվում է վստահել մասնավոր ընկերություններին, որոնք մասնագիտացած են այս ոլորտում։ Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ կարգավորումներին զուգահեռ մենք վարում ենք նաև ենթակառուցվածքների զարգացման քաղաքականություն, որը, վստահ եմ, կհանգեցնի էական դրական փոփոխությունների»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է որոշման ընդունումը և ընդգծել, որ ոլորտում հստակ չափանիշների ներդրումը և դրանց պահպանման նկատմամբ վստահությունը հնարավորություն կտան ֆիթնես ծառայությունները կապել առողջապահական ապահովագրության համակարգի հետ։ Ըստ փոխվարչապետի՝ այս դեպքում ֆիզիկական ակտիվության վրա կատարված ծախսը կարող է դիտարկվել որպես առողջապահական ապահովագրության շրջանակում կատարված ծախս, և քաղաքացիները կկարողանան օգտվել համապատասխան հետվճարի մեխանիզմներից։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ապահովել ծառայությունների էլեկտրոնային գրանցում և տվյալների փոխանակում «Արմեդ» համակարգի հետ, ինչը թույլ կտա կիրառել հետվճարի մեխանիզմները։