Հինգշաբթի, 4 Հունիսի 2026 12:22
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի իշխանությունները կաջակցեն երկրում արտադրված ապրանքների արտահանմանը ԵՄ, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ

Հայաստանի իշխանությունները կաջակցեն երկրում արտադրված ապրանքների արտահանմանը ԵՄ, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում լրացում և փոփոխություն է կատարել Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագրում։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

 

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը,  ծրագրի նպատակն է խթանել արտադրողների կողմից ՀՀ-ի ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ մաքսատուրքի փոխհատուցման միջոցով։ «Ծրագիրը գործում է 2025 թվականի փետրվարի 1-ից, որով նախատեսվում էր ապահովել արտահանման ծավալների միջինում 15 տոկոս աճ: Այն ապահովվել է: Միաժամանակ ուզում եմ նշել, որ 2025 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում օժանդակություն ստացած հիմնական ապրանքային խմբերից, օրինակ՝ պահածոներ, հյութեր, սննդամթերքի այլ տեսակներ, աճը եղել է շուրջ 40 տոկոս: Հարկ է նշել, որ որոշմամբ որպես ապրանք դիտարկվում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման հարցում կարևորվում է ոչ միայն արդյունաբերության, այլ նաև առաջնային արտադրության զարգացումը, որի վառ ապացույցն է ՀՀ-ում ինտենսիվ բուսաբուծության զարգացումը՝ հիմնված ինտենսիվ այգիների հազարավոր հեկտարները և հարյուրավոր հեկտարներ տեխնոլոգիապես ամենաբարձր հագեցվածությամբ ջերմատները»,-ասել է Արման Խոջոյանը:

 

Ըստ փոխնախարարի՝ արդյունքում ՀՀ-ում արտադրվում է բարձրորակ, հետագծելի և ստանդարտավորված արտադրանք, որը կարող է իր տեղն ունենալ համաշխարհային շուկայում: «Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում խթանել առաջնային արտադրության ապրանքների արտահանումը, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղկի արտահանման դեպքում դեպի ԵՄ, ՄԹ և Կանադայի շուկաներ ՀՀ Կառավարությունը արտահանողին կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ»,- նշել է Արման Խոջոյանը և հավելել՝ անկախ մատակարարման ձևից՝ եթե ապրանքը արտահանվում է, և համապատասխան փաստաթղթավորումը ներկայացվում է, ապա այն ենթակա է փոխհատուցման։

 

Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ քննարկումներ են ունենում ԵՄ գործընկերների հետ իրենց կողմից ևս մաքսատուրքերի հարցում որոշակի՝ դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելու շուրջ և հույս հատնել, որ առաջիկայում քննարկումները հաջողությամբ կպսակվեն։