
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը կաջակցի գյուղմթերք արտահանողներին՝ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում: Ինչպես կառավարության նիստում նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, գերատեսչությունը շարունակում է աշխատանքներն արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման և արտահանման ներուժի ընդլայնման ուղղությամբ:
2025 թվականին Հայաստանի հանրապետությունից թարմ մրգերի, բանջարեղենի և ծաղիկների արտահանման ծավալները կազմել են շուրջ 72,9 մլրդ դրամ ։ Արտահանման ընդհանուր ծավալի մոտ 93,3% - ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված սահմանափակումների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել աջակցել այլ երկրներ արտադրանք արտահանողներին՝ փոխհատուցում տրամադրելով արտահանվող արտադրանքի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց: Ռուսաստանի սահմանած սահմանափակումների պայմաններում արտահանողների հետ քննարկվել են արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները ։ Քննարկումների ընթացքում վերջիններս հայտարարել են, որ այլ երկրներ արտահանելիս մրցունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի փոխհատուցում տրամադրել արտահանվող արտադրանքի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց:
Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հունիսին միջոցառման շրջանակներում արտահանման ենթակա ծավալները կկազմեն շուրջ 4250 տոննա, իսկ ծաղիկներինը ՝ 10 միլիոն հատ: Փաստաթղթով առաջարկվում է 2026 թվականի հունիսին ջերմոցներում աճեցված և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող թարմ մրգեր, բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսական օպերատորներին փոխհատուցում տրամադրել հետևյալ չափերով․ 1) 770 դրամ ՝ ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար, 2) 275 դրամ ՝ լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար, 3) 400 դրամ ՝ պղպեղի յուրաքանչյուր կիլոգրամի համար, 4) 37 դրամ ՝ յուրաքանչյուր ծաղկի համար ։ Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է այն տնտեսվարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու համար դիմում է ներկայացնում էկոնոմիկայի նախարարություն, որին կցվում են ապրանքների տարանցիկ հայտարարագիրը և հաշիվ-ապրանքագիրը:
2026 թվականի հունիսից Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից կորիզավոր մրգերի (ծիրան, դեղձ, սալոր, բալ, կեռաս) և թարմ խաղողի ներկրման և տարանցման վրա ՝ դա բացատրելով բուսասանիտարական նորմերի խախտումներով ։ Ավելի վաղ սահմանափակումների տակ էին հայտնվել նաև ջերմոցային բանջարեղենն ու ելակը ։