
Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, ներառյալ TRIPP Development Company ընկերության ստեղծմանը, որը հանդիսանում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն և կոչված է աջակցելու առևտրին, տրանսպորտին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
«DFC-ի տվյալներով՝ ընկերությունն աջակցելու է առանցքային ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ երկաթուղիները, ավտոճանապարհները, խողովակաշարերը, օպտիկամանրաթելային ցանցերը և շատ ավելին», - հավելել են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
DFC-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ TRIPP Development Company հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության ստեղծումը կոչված է աջակցելու առևտրին, տրանսպորտին և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև բարելավելու միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային կապերը:
«Այս ձեռնարկությունը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված պատմական խաղաղության հռչակագրի և «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա՝ աջակցելու առանցքային ենթակառուցվածքային նախագծերին, ներառյալ երկաթուղիները, ավտոճանապարհները, խողովակաշարերը, օպտիկամանրաթելային ցանցերը և շատ ավելին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է Orion Critical Mineral Consortium (CMC) կոնսորցիումում DFC-ի ներդրումների ընդլայնման մասին, որը նախատեսված է կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում ռազմավարական նախագծերի ֆինանսավորման համար՝ նպաստելով ԱՄՆ-ի տնտեսական աճին և անվտանգությանը: Այս հավանությունը հանդիսանում է CMC-ում DFC-ի նախորդ ներդրումների շարունակությունը, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար կենսական նշանակության հանածոների հասանելիության ընդլայնմանը, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանը, կենտրոնացված աղբյուրներից վտանգավոր չափից ավելի կախվածության նվազեցմանը և տնտեսական ու ազգային անվտանգության ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ «Խաղաղության հռչակագիր»։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով և Իրանով։ Իսկ արդեն 2026 թվականի հունվարի 14-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց Վաշինգտոնում ամերիկյան կողմի հետ ստորագրված շրջանակային փաստաթուղթը՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) իրականացման վերաբերյալ։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործառնության մեխանիզմները։ Ի թիվս այլ հարցերի, փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել TRIPP Development Company ընկերության ստեղծմանը։ Ընդ որում, ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP նախագծի զարգացման համար՝ ստանալով մշակման նախնական իրավունք 49 տարի ժամկետով։ Հայաստանը մտադիր է Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկել TRIPP Development Company-ի բաժնետոմսերի 74%-ը՝ իրեն պահելով 26%-ը։ Ենթադրվում է, որ այս գործընկերությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը սեփականության լրացուցիչ մասնաբաժնի տրամադրմամբ, ինչի արդյունքում նրա բաժնեմասը կկազմի 49%։