
Արմինֆո. Բաքու-Թբիլիսի - Կարս երկաթուղին հունիսի 2-ից անցել է լիարժեք շահագործման ռեժիմի՝ վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո: Այս մասին հայտարարել են Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունում։
Ինչպես հաղորդում է SOVA-ն, վկայակոչելով գերատեսչությունը, այդ նախագիծը Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ ռազմավարական նախաձեռնությունն է եւ կարեւոր դեր է խաղում ԵՄ եւ Ասիայի միջեւ տրանսպորտային կապի ամրապնդման գործում:
Նոր երկաթուղային երթուղին, ինչպես նշել են նախարարությունում, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում փոխադրումների համար, նպաստում է բեռնափոխադրումների հոսքերի դիվերսիֆիկացմանը եւ ուժեղացնում է տարածաշրջանային կապը:
Մարաբդա-Կարծախի երկաթուղային հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 180 կմ: Նախագծի շրջանակներում վերակառուցվել և արդիականացվել է 153 կմ երկաթգիծ, ինչպես նաև կառուցվել է եվրոպական ստանդարտներին համապատասխան 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային հատված:
"Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով բեռնափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են։ Գծի ամբողջական շահագործման հանձնումից հետո դրա թողունակությունը կավելանա տարեկան մինչև 5 միլիոն տոննա: Դա թույլ կտա տարածաշրջանին ընդունել լրացուցիչ բեռնափոխադրումների հոսքեր և էապես կուժեղացնի նրա տրանսպորտային ներուժը։
Այս երկաթուղային հատվածի լիարժեք գործարկումը հնարավոր է դարձել Վրաստանի վարչապետի Բաքու կատարած այցի ընթացքում Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի եւ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւի կողմից երկկողմ համակարգող խորհրդի արձանագրության ստորագրման շնորհիվ",- ասվում է նախարարության հայտարարության մեջ: