
Արմինֆո. Հայաստանի հանքագործների և մետալուրգների ասոցիացիան (ՀՀՄԱ) դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (International Council on Mining and Metals / ICMM) անդամ: Այս մասին հայտնում է Ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
ICMM-ը միջազգային կազմակերպություն է, որն ուղղված է անվտանգ, արդար և կայուն հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացմանը: Այն հիմնադրվել է 2001 թվականին և միավորում է 28 հանքարդյունաբերական ու մետալուրգիական ընկերություններ և ավելի քան 35 ազգային, տարածաշրջանային ու հումքային ասոցիացիաներ:
ICMM-ի գործունեությունը նպատակաուղղված է բնապահպանական և սոցիալական ցուցանիշների ամրապնդմանը և հանդես է գալիս որպես փոփոխությունների կատալիզատոր՝ բարձրացնելով հանքարդյունաբերության ներդրումը հասարակության կյանքում:
Միջազգային խորհրդի յուրաքանչյուր անդամ պարտավորվում է հավատարիմ մնալ ICMM-ի սկզբունքներին, որոնք ներառում են համապարփակ բնապահպանական, սոցիալական և կառավարչական պահանջներ, արտադրական հարթակների մակարդակով ակնկալվող արդյունավետության ցուցանիշների հուսալի ստուգում և կայունության վերաբերյալ կորպորատիվ հաշվետվությունների հավաստի երաշխիք՝ տեղեկատվության տարեկան բացահայտմամբ:
Դիմորդ ընկերություններն անցնում են ընդունելության խիստ գործընթաց, որը մանրակրկիտ ստուգվում է անկախ փորձագիտական խմբի կողմից:
Նշենք, որ Հայաստանի հանքագործների և մետալուրգների ասոցիացիայի առաջատար և ակտիվ անդամներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (ԶՊՄԿ): 2025 թվականի հոկտեմբերին Կոմբինատը ներկայացրել է Կայուն զարգացման իր 4-րդ հաշվետվությունը: ԶՊՄԿ-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որն արդեն 4 տարի է, ինչ պատրաստում է միջազգային բոլոր չափանիշներին և պահանջներին համապատասխանող կայուն զարգացման հաշվետվություն:
Ինչպես նախկինում նշել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Ռոման Խուդոլին, կայուն զարգացումը ձեռնարկության համար ոչ թե պարզապես որոշակի նպատակներին հասնելու ուղի է, այլ բիզնես մոդել, որը նպաստում է արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգերի կատարելագործմանը, բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկարատև համագործակցության ամրապնդմանն ու ապահովմանը: Նա ընդգծել է, որ այս բոլոր սկզբունքները պարզապես մտադրություններ չեն, դրանց հետևում կանգնած են իրական գործնական քայլեր: «Փոփոխությունները մեկ օրում չեն կատարվում, և հենց մեր ընտրած ուղին է որոշում, թե ուր ենք հասնելու: Հպարտությամբ կարող եմ ասել՝ մենք վստահորեն շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- հայտարարել է Խուդոլին: