Ուրբաթ, 29 Մայիսի 2026 17:22
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են պետական աջակցության գործիքների կատարելագործման հնարավորությունները ջերմոցային տնտեսությունների ոլորտում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են պետական աջակցության գործիքների կատարելագործման հնարավորությունները ջերմոցային տնտեսությունների ոլորտում

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտի զարգացման հեռանկարներին, արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և արտահանման դիվերսիֆիկացիային։

Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։

«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։

Քննարկվել է նաև ջերմոցաշինության ոլորտում տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության գործիքակազմի բարելավումը՝ միտված ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Նշենք, որ Հայաստանում ջերմատների ընդհանուր մակերեսը կազմում է 85 հա։ 2026 թվականի համար պետությունը նախատեսում է 64 հա ընդհանուր մետրաժով աջակցության պետական ծրագրերի շրջանակներում ջերմոցային տնտեսություններ կառուցել։