Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 15:26
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյանը վերստին բարձրացրել է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի կառավարման տրամաբանությունը փոխելու անհրաժեշտության հարցը

Նիկոլ Փաշինյանը վերստին բարձրացրել է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի կառավարման տրամաբանությունը փոխելու անհրաժեշտության հարցը

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Գողք գյուղի ընտրողների հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրացրել է երկաթուղիների կոնցեսիայի կառավարման տրամաբանությունը փոխելու անհրաժեշտության հարցը:

 

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի պատժամիջոցները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար: Վարչապետը հիշեցրել է, որ ներկայումս Թուրքիան կառուցում է Կարս-Դիլիջու երկաթգիծը՝ Կարսից մինչև Նախիջևան, մինչդեռ, Հայաստանն արդեն ունի պատրաստի երկաթուղային ենթակառուցվածք։ Իսկ Հայաստանում արդեն կա պատրաստի երկաթուղի, որն անհրաժեշտ է գործարկել։

 

Փաշինյանն ընդգծել է, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ խնդիրը կապված է հայկական երկաթուղում կոնցեսիայի կառավարման գոյություն ունեցող մոդելի հետ: "Քանի որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի մեջ, իսկ Ռուսաստանը բարդ պատժամիջոցային հարաբերություններ ունի արևմտյան երկրների հետ, այդ նույն արևմտյան երկրները ուղիներ են փնտրում դա շրջանցելու համար", - նշել է նա, հավելելով, որ միջազգային ընկերությունները փորձում են խուսափել պատժամիջոցների ռիսկից և անվտանգ երթուղիներ են փնտրում:

 

"Մենք կարծում ենք, որ  անպայման պետք է փոխենք Հայկական երկաթուղիների կոնցեսիոն տրամաբանությունը, որոնք, ի դեպ, 100 տոկոսով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։ Դա անհրաժեշտ է, որպեսզի պատժամիջոցների խոչընդոտը խնդիր չդառնա մեր երկաթուղիների համար", - ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այդ ուղղությամբ կշարունակի աշխատել գործընկերների, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ։

 

Նա նաև հաղորդել է, որ հայ-թուրքական սահմանի և երկաթուղու բացումը սպասվում է հաջորդ փուլում: "Ամեն դեպքում, ապրանքների հոսքն արևելքից արևմուտք այնքան մեծ է լինելու, որ, ես համոզված եմ, որ մեր երկաթուղին աշխատելու է մեծ ծանրաբեռնվածությամբ և մեծ գումարներ է բերելու հանրապետությանը", - նշել է վարչապետը:

 

Նա նշել է, որ միջազգային գործընկերներն ուսումնասիրել են նաև Հայաստանի տարածքով անցնող ավտոմոբիլային երթուղիները և եկել այն եզրակացության, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով: "Ներդրումային մեծ հետաքրքրություն կա Տավուշից մինչև Շիրակ ճանապարհների զարգացման և բեռնատարների համար վճարովի ճանապարհների ստեղծման նկատմամբ", - ասել է Փաշինյանը: Նրա խոսքով ՝ այդ նախագծերը Հայաստանին լրացուցիչ եկամուտ կբերեն։

 

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի երկաթուղիների կառավարումն իրականացվում է Ռուսաստանի կողմից "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության միջոցով: Վարչապետն ավելի վաղ արտահայտվել էր այս թեմայի շուրջ, նշելով, որ կոնցեսիայի ռուսական կառավարումը Հայաստանին զրկում է մրցակցային որոշ առավելություններից, և առաջարկել էր կոնցեսիայի կառավարումը հանձնել Հայաստանի և Ռուսաստանի բարեկամ երրորդ երկրի: Ռուսական կողմից արդեն հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում երկաթուղիների կոնցեսիայի կառավարումը փոխանցել երրորդ երկրի։