Ուրբաթ, 22 Մայիսի 2026 17:28
Կարինա Մելիքյան

Հայաստանի միջբանկային արժութային շուկայում 2026թ․ մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների ծավալները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն արձանագրել են կտրուկ աճ

Հայաստանի միջբանկային արժութային շուկայում 2026թ․ մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների ծավալները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն արձանագրել են կտրուկ աճ

Արմինֆո.Հայաստանի միջբանկային արժութային շուկայում 2026թ․ մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների ծավալները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն արձանագրել են կտրուկ աճ։

Եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն ավելի քան երեք ամիս։ Մասնավորապես, դոլարային գործարքների դինամիկան 45,2% աճից շրջվել է դեպի 74,4% անկում, մինչդեռ ռուբլով գործարքների տրենդը 23,1% անկումից անցում է կատարել զգալի՝ 6,6 անգամ աճի։ Դրա շնորհիվ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը վերականգնել է իր գերակայությունը դոլարայինի նկատմամբ՝ արձանագրելով զգալի՝ 16 անգամյա տարբերություն, այն դեպքում, երբ նախորդ շաբաթ դոլարային գործարքները գերակշռում էին գրեթե 2 անգամ։

Միևնույն ժամանակ, ներբանկային արժութային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (ս․թ․ մայիսի 18-22-ը՝ մայիսի 11-15-ի համեմատ) դոլարի գնման աճի տեմպերը դանդաղել են՝ վաճառքի տրենդի դեպի անկում շրջվելու ֆոնին։ Եվրոյի առքուվաճառքի ծավալները սկսել են նվազել, իսկ ռուբլով գործարքների մասով գնման տրենդի աճին զուգահեռ արձանագրվել է վաճառքի ծավալների աճի արագացում։

Շուկայական զարգացումների արդյունքում, մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հայկական դրամը շարունակել է ամրապնդել դիրքերը ինչպես դոլարի նկատմամբ (367,5 դրամից հասնելով 366,5 դր/$1-ի), այնպես էլ եվրոյի նկատմամբ (429,5 դրամից հասնելով 426,8 դր/1 եվրոյի)։ Փոխարենը, դրամը շարունակել է արժեզրկվել ռուսական ռուբլու նկատմամբ՝ 4,91 դրամից հասնելով 5,08 դր/1 ռուբլու։ Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2025թ․ մայիսի 22-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում էր 384 դր/$1, եվրոյի նկատմամբ՝ 434 դր/1 եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,79 դր/1 ռուբլի։ Այսպիսով, ընթացիկ ցուցանիշները վկայում են դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման (համապատասխանաբար 5% և 2%) և ռուբլու նկատմամբ 5% արժեզրկման մասին։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ արտարժույթի միջբանկային շուկայում ս․թ․ մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ռուբլով գործարքներն իրականացվել են օրական կտրվածքով, մինչդեռ դոլարով գործարքներ արձանագրվել են միայն երեք անգամ։ Ընդ որում, երկու արժույթներով միաժամանակյա գործարքներ կատարվել են երեքշաբթիից հինգշաբթի (մայիսի 19-21-ը)։ Արդյունքում, դոլարային գործարքների շաբաթական ընդհանուր ծավալը կազմել է 3 մլն դոլար՝ 368,33 դր/$1 միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 368,70 դր/$1-ի դիմաց)։ Ռուբլով գործարքների շաբաթական համախառն ծավալը կտրուկ աճել է՝ հասնելով 3,456 մլրդ ռուբլու՝ 5,13 դր/1RUB միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 4,99 դր/1RUB-ի դիմաց)։ Ռուբլով գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է երեքշաբթի (մայիսի 19-ին)՝ 1,075 մլրդ ռուբլի, իսկ դոլարային գործարքների օրական ծավալը մայիսի 19-21-ն ընկած օրերին եղել է հավասարաչափ՝ 1-ական մլն դոլար։

Ներբանկային արժութային շուկայում ս․թ․ մայիսի 18-ից 22-ը նախորդ շաբաթվա (11.05.26-15.05.26) համեմատ դոլարի գնման աճի տեմպը դանդաղել է 24%-ից մինչև 15,1%՝ վաճառքի տրենդի՝ 35,4% աճից դեպի 16,5% անկում շրջվելու ֆոնին։ Եվրոյի առքուվաճառքի տրենդը 2,6-36,6% աճից շրջվել է դեպի 5,2-29,3% անկում։ Ռուբլով գործարքների մասով գնման տրենդը 11,7% անկումից անցել է 49,8% աճի, ինչն ուղեկցվել է վաճառքի ծավալների աճի արագացմամբ՝ 10,2%-ից հասնելով 22,8%-ի։ Ընդհանուր առմամբ, հաշվետու շաբաթվա ընթացքում գնվել է ավելի քան 225 մլն դոլար (միջին փոխարժեքը՝ 366,46 դր/$1), 37,5 մլն եվրո (միջին փոխարժեքը՝ 424,27 դր/1EUR) և 13,1 մլրդ ռուբլի (միջին փոխարժեքը՝ 5,02 դր/1RUB)։ Վաճառքի ծավալները կազմել են 216,6 մլն դոլար (միջին փոխարժեքը՝ 369,07 դր/$1), 54,1 մլն եվրո (միջին փոխարժեքը՝ 430,92 դր/1EUR) և ավելի քան 3,3 մլրդ ռուբլի (միջին փոխարժեքը՝ 5,17 դր/1RUB)։ Հաշվետու շաբաթվա երկուշաբթի օրը (մայիսի 18-ին) արձանագրվել են դոլարի գնման և եվրոյի վաճառքի առավելագույն ծավալները ($65,6 մլն և 12,7 մլն եվրո)։ Հաջորդ օրը՝ երեքշաբթի (մայիսի 19-ին), գրանցվել է եվրոյի գնման ամենաբարձր ցուցանիշը (8,5 մլն եվրո)։ Չորեքշաբթի (մայիսի 20-ին) ֆիքսվել է ռուբլու գնման առավելագույն ծավալը (ավելի քան 3 մլրդ ռուբլի), հինգշաբթի օրվան (մայիսի 21-ին) բաժին է ընկել դոլարի վաճառքի ամենամեծ ծավալը ($53,2 մլն), իսկ ուրբաթ օրը (մայիսի 22-ին) արձանագրվել է ռուբլու վաճառքի առավելագույն ցուցանիշը (1,4 մլրդ ռուբլի)։

ՀՀ ԿԲ տվյալներով՝ 2026թ․ I եռամսյակում Կենտրոնական բանկը արժութային շուկայում իրականացրել է 603,1 մլն դոլարի ինտերվենցիա, ինչը նպաստել է փոխարժեքի ամրապնդմանը՝ դեկտեմբերի 381,49 դր/$1-ից մինչև մարտի 378,63 դր/$1։ Բոլոր այդ գործառնություններն իրականացվել են բացառապես գնման տեսքով։

Ներբանկային արժութային շուկայում 2026թ․ I եռամսյակի ընթացքում գնվել է 1,97 մլրդ դոլար, 479,2 մլն եվրո և 95,2 մլրդ ռուբլի, իսկ վաճառվել է 2,23 մլրդ դոլար, 642 մլն եվրո և 41,7 մլրդ ռուբլի։ Այս դինամիկայի արդյունքում ներբանկային շուկայում մարտին ձևավորվել է գնման հետևյալ փոխարժեքը՝ 376,10 դր/$1, 433,44 դր/1 եվրո և 4,67 դր/1 ռուբլի, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 378,49 դր/$1, 439,42 դր/1 եվրո և 4,74 դր/1 ռուբլի։ Համեմատության համար նշենք, որ 2025թ․ դեկտեմբերին առքի փոխարժեքները կազմում էին 380,38 դր/$1, 442,74 դր/1 եվրո, 4,83 դր/1 ռուբլի, իսկ վաճառքինը՝ 382,62 դր/$1, 449,26 դր/1 եվրո և 4,91 դր/1 ռուբլի։

ՀՀ արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ․ I եռամսյակի ընթացքում իրականացվել են 107,2 մլն դոլարի, 5,3 մլն եվրոյի և 7,2 մլրդ ռուսական ռուբլու գործառնություններ։ Ընդ որում, մարտ ամսին եվրոյով գործարքներ չեն գրանցվել։ Այս ժամանակահատվածում միջբանկային շուկայում հայկական դրամն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ՝ հասնելով 4,65 դր/1 ռուբլու, և դոլարի նկատմամբ՝ մինչև 378,18 դր/$1՝ 2025թ․ դեկտեմբերի համապատասխանաբար 4,88 դր/1 ռուբլու և 381,33 դր/$1-ի դիմաց։ Հիշեցնենք, որ Հայաստանի միջբանկային արժութային շուկայում ռուբլով գործարքները մեկնարկել են 2022թ․ մարտի 14-ից։

Արժութային բորսայական հարթակում 2026թ․ I եռամսյակում կնքվել են 17,3 մլն դոլարի գործարքներ, ինչն ուղեկցվել է դրամի ամրապնդմամբ՝ հասնելով մարտյան 378,19 դր/$1-ի՝ նախորդ տարվա հոկտեմբերին արձանագրված 387,75 դր/$1-ի համեմատ, երբ բորսայում վերջին անգամ գրանցվել էին դոլարային գործառնություններ։