
Արմինֆո.ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության շարունակական առաջընթացը։
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19-ից 22-ը Հայաստանում էին «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները՝ ապահովելու շարունակական տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիայի վերաբերյալ։ «Սարջենթ և Լունդի» ընկերությունը, աշխատելով ՀՀ պաշտոնյաների հետ, ավարտին է հասցրել ՀԱԷԿ-ը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։
Հիմնական դիտարկումներ․ hիմնավորվել է, որ Հայաստանում տեղակայման համար նպատակահարմար է դիտարկել ամերիկյան 4 տեսակի փոքր մոդուլային ռեակտորներ; տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է ԱԷՄԳ-ի լավագույն փորձի հետ; ուշադրության կենտրոնում են եղել միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման ամենաբարձր ստանդարտները; դիտարկվել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտից հետո փոխարինող կարողություններ ձևավորելու տարբերակները։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն, նոր ատոմակայանի տեսակի և հզորության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2027 թվականին: Միևնույն ժամանակ, նույն հայտարարությունների համաձայն, քննարկվում են մի շարք երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի առաջարկները։ Սակայն ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը խոսում է այն մասին, որ ընտրությունն արդեն արված է։
Sargent & Lundy-ն աշխարհի ամենահին և ամենախոշոր ամերիկյան ճարտարապետական և ինժեներական ընկերություններից մեկն է, որը մասնագիտանում է բացառապես էներգետիկ ոլորտում: 1891 թվականին հիմնադրված ընկերության կենտրոնակայանը գտնվում է Չիկագոյում, այն ղեկավարվում է պրոֆեսիոնալ ինժեներների կողմից ։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններից են ատոմային էլեկտրակայանների նախագծումը, գոյություն ունեցող էներգաբլոկների արդիականացումը և փոքր մոդուլային ռեակտորների մշակումը, այդ թվում ՝ Ռումինիայում և Սլովակիայում: Ընկերության գործունեության ոլորտը ներառում է նաև հողմային և արևային էլեկտրակայանների ճարտարագիտությունը, ինչպես նաև էներգիայի պահպանման համակարգերի ստեղծումը (կուտակիչ մարտկոցներ):