Հինգշաբթի, 21 Մայիսի 2026 11:12
Ալեքսանդր Ավանեսով

Հայկական օրգանական արտադրանքի հավաստագրման և մակնշման հիմնական խորհրդանիշը կդառնա «Հայաստան օրգանական» տարբերանշանը

Հայկական օրգանական արտադրանքի հավաստագրման և մակնշման հիմնական խորհրդանիշը կդառնա «Հայաստան օրգանական» տարբերանշանը

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ և փոփոխություններ է կատարել «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ։

 

Կառավարության հաղորդման համաձակն, արդյունքում՝ կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող «Հայաստան օրգանական» տարբերանշանը մշակվել է Braind բրենդինգային ընկերության կողմից և անհատույց տրամադրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Այն հանդիսանում է հայկական օրգանական արտադրանքի հավաստման և նշագրման հիմնական խորհրդանիշը, որն ընդգծում է Հայաստանի մշակութային և ազգային ինքնությունը, ինչն արտահայտվում է նռան պատկերով՝ որպես պտղաբերության և հարստության ավանդական խորհրդանիշ: Տարբերանշանը նախատեսված է ինչպես հիմնական տարբերակով՝ բաց ֆոնի վրա կիրառման, այնպես էլ երկրորդական տարբերակով՝ մուգ կամ կանաչ ֆոնի վրա կիրառման համար, ինչը հնարավորություն է ընձեռում պահպանել տարբերանշանի ընթեռնելիությունը և տեսանելիությունը կիրառման ընթացքում։ Որոշման ընդունումը կնպաստի նաև տարբերանշանի ինքնության պաշտպանությանը, կնպաստի Հայաստանի՝ որպես բարձրակարգ օրգանական արտադրանքով երկրի ճանաչելիության բարձրացմանը, ինչը կհանգեցնի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնմանը և արտադրության ծավալների աճին։