Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026 18:58
Ալինա Հովհաննիսյան

«Սպառազինության արտահանման թույլտվություն ունեն ավելի շատ ընկերություններ, քան հայտարարվել էր»․ Մխիթար Հայրապետյան

«Սպառազինության արտահանման թույլտվություն ունեն ավելի շատ ընկերություններ, քան հայտարարվել էր»․ Մխիթար Հայրապետյան

Արմինֆո.Այս պահին կառավարությունից սպառազինության արտահանման թույլտվություն ունեն կամ ստացման գործընթացում են գտնվում ավելի շատ ընկերություններ և ավելի մեծ թվով երկրների ուղղությամբ, քան հայտարարվել էր։ Այս մասին մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նշենք, որ երեկ նախարարը տեսաուղերձ էր հրապարակել, որում հայտնել էր, որ հայկական 3 ընկերություններ Հայաստանում արտադրված զենք են արտահանել երկու երկրների շուկաներ։

«Չեմ ցանկանում վերամբարձ խոսքերով ասել, որ սա պատմական իրադարձություն է, բայց, առնվազն, կարող եմ ասել, որ սա աննախադեպ է մեր երկրի ու տնտեսության համար»,- ասել է նա։

Գործարքի ծավալների, սպառազինության տեսակի, արտադրողների և ստացող երկրների մասին տվյալներ Հայրապետյանը չի հայտնել՝ նկատելով, որ այդ հարցերի շուրջ կողմերի միջև կոնսենսուս չկա։

Միևնույն ժամանակ, նախարարը պատասխանել է որոշակի շրջանակների մեղադրանքներին, թե նման գործարք առաջին անգամ չէ, որ իրականացվում է։ Նա ընդգծել է, որ ո՛չ Պաշտպանության նախարարությունում, ո՛չ իր ղեկավարած նախարարությունում նման արտահանման գործառնությունների մասին որևէ տեղեկություն չկա։ Հայրապետյանը նկատել է, որ նախկինում արտահանումը եղել է երկակի նշանակության ապրանքների կամ համակարգի բաղադրիչների մասով, օրինակ՝ ՀՕՊ մարտկոցներ և այլն։ «Իսկ ես խոսում եմ Հայաստանում մշակված և արտադրված զենքի արտահանման մասին»,- եզրափակել է նա։