
Արմինֆո.Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանումը Եվրոպական միության երկրներ արդյունավետ կազմակերպելու նպատակով օրենսդրական մակարդակով կսահմանվեն համապատասխան թույլատրման նորմեր: Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Սննդամթերքի անվտանգության մասին" եւ "Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին" օրենքներում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, 2025 թվականի ապրիլից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ստացել է թույլտվություն Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն, ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսվարող սուբյեկտները պետք է գրանցման հայտ ներկայացնեն Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձաքննության համակարգ (TRACES), եթե դրանք համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին: Օրենքների փաթեթով նախատեսվում է, որ վերոնշյալ համակարգում գրանցման լիազոր մարմինը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է: Համակարգում գրանցվելու համար տնտեսվարող սուբյեկտը դիմում է տեսչական մարմին, և տեսչության և ԵՄ կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում տեսչությունը համակարգում գրանցում է տնտեսվարող սուբյեկտի տվյալները և դրանք ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը:
Օրինագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշումների նախագծերի փաթեթ, որոնց համաձայն, Եվրոպական միության կանոնակարգերի պահանջները տեղայնացված կլինեն ազգային օրենսդրության մեջ: Դա կդառնա Եվրոպական միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման հարցում միջազգային պարտավորությունների կատարման երաշխիք։