
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է 7,5 մլն դրամ ուղղել արբիտրաժային ոլորտի զարգացմանը ։ Այդ մասին որոշում է ընդունվել մայիսի 14-ին կառավարության նիստում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սույն ակցիան կոչված է նպաստելու արբիտրաժի ՝ որպես վեճերի լուծման արդյունավետ, հուսալի և միջազգային լավագույն մեխանիզմի կայացմանը ՝ միաժամանակ ամրապնդելով ինստիտուցիոնալ, մասնագիտական կարողությունները և բարձրացնելով ոլորտի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը: Ակցիայի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել արբիտրաժի թեմայով հանրային և մասնագիտական քննարկումներ, որոնք կհավաքեն պետական մարմինների, մասնավոր հատվածի, իրավաբանական համայնքի, ակադեմիական շրջանակների և միջազգային փորձագետների ներկայացուցիչների՝ ոլորտի ընթացիկ մարտահրավերների, օրենսդրական փոփոխությունների և գործնական կիրառման հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն ապահովելու նպատակով:
Ակցիայի կարևոր բաղադրիչներից մեկը կլինի ամենամյա Արբիտրաժային շաբաթի կազմակերպումը, որը կծառայի որպես առաջատար հարթակ միջազգային և տեղական փորձագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման, նոր գործընկերությունների որոնման և Հայաստանը որպես տարածաշրջանային արբիտրաժային կենտրոն դիրքավորելու համար: Միաժամանակ կանցկացվեն նպատակային վարժանքներ և սեմինարներ: Ակցիան, անհրաժեշտության դեպքում, կարող է ներառել նաև հանրային իրազեկման և հաղորդակցման միջոցառումներ, տեղեկատվական և մեթոդական նյութերի մշակում և տարածում:
Այս բոլոր խնդիրների լուծմամբ կզբաղվի "Օրենսդրության մշակման կենտրոնը", որին էլ նշված միջոցները կտրամադրվեն դրամաշնորհի տեսքով։