Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 15:37
Կարինա Մելիքյան

Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ

Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ

Արմինֆո. ԱրարատԲանկն ավելի քան 15 տարի հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից՝ վերջին տարիներին ճանաչվելով կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն տեղաբաշխող։ 

Բանկն ունենալով երկար տարիների փորձ ներդրումային ոլորտում՝ շարունակում է աջակցել այն ընկերություններին, որոնք նոր են մուտք գործում կապիտալի շուկա։ ԱրարատԲանկը հաջողությամբ տեղաբաշխել է «Գառնի ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամական և դոլարային պարտատոմսերը։ Դրամային պարտատոմսերը տեղաբաշխվել են ս․թ․ մարտի 18-ին, իսկ դոլարային պարտատոմսերը՝ ս․թ․ մարտի 18-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում։

«Առաջին փորձը հաջողված էր։ Անկեղծ ասած, տեղաբաշխման հետ կապված ես ևս մտավախություններ ունեի, բայց պարտատոմսերն ամբողջովին հաջողությամբ տեղաբաշխվեցին։ Պահանջարկը շատ ավելի մեծ էր, քան մեր սպասումներն ու  թողարկման ծավալները։ Համագործակցությունն ԱրարատԲանկի հետ շատ արդյունավետ էր։ Շնորհակալություն ԱրարատԲանկի աշխատակիցներին, որոնք մեզ օժանդակեցին, լսեցին, և նպաստեցին հաջող տեղաբաշխմանը»,- նշել է «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Բագրատ Ասատրյանը։ 

Մայիսի 12-ին, «Գառնի ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ազդարարել է մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա՝ դառնալով բորսայում ցուցակված ընկերություններից ևս մեկը։ Մուտքը խորհրդանշող ավանդական զանգի հնչեցման արարողությամբ մեկնարկեց պարտատոմսերի բորսայական շրջանառությունը, ինչպես նաև ընկերության գործունեության նոր փուլը՝ կապիտալի շուկայի միջոցով զարգացման և աճի ճանապարհին։

«Շատ ուրախ եմ, որ «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ի կողքին որպես գործընկեր կանգնած էր ԱրարատԲանկը։ Գործընթացի հենց սկզբից ծառայությունների մատուցման և խորհրդատվության առումով մեզ հաջողվեց ապահովել սահուն ընթացք, որի արդյունքին այսօր մենք ականատես ենք։ Սա ևս մեկ քայլ է կապիտալի շուկայի զարգացման առումով և վստահ եմ, որ մեր հաճախորդների, քաղաքացիների համար ներդրումների այլընտրանքային տարբերակների առկայություւնը և բազմազանությունը միայն ի նպաստ է լինելու։ Մեր նպատակն էլ հենց հաճախորդներին բազմազան ծառայություններ մատուցելն է»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ, Գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։ 

Պարտատոմսերը ցուցակված են Հայաստային ֆոնդային բորսայում և ներդրողները, որոնք չեն հասցրել ձեռք բերել պարտատոմսերը առաջնային տեղաբաշխման ժամանակ, հնարավորություն ունեն ձեռք բերել դրանք երկրորդային շուկայից։

«Պարտատոմսերի նկատմամբ կա հետաքրքրություն՝ իրականում գործարքները գրանցվել էին ավելի թանկ գնով, քան տեղաբաշխվել էին, ինչը փաստում է մեծ պահանջարկի մասին։ Մյուս հավաստիացումը պահանջարկի մասին այն  է, որ պարտատոմսերը մի քանի ժամվա ընթացքում, ըստ էության, տեղաբաշխվել են և վաճառվել ամբողջությամբ։ Սա շատ գովելի է, ողջունելի է, մանավանդ հաշվի առնելով այն փաստը,  որ հանրությունը սկսել է ներգրավվել կապիտալի շուկայի մեջ և տարբերակում է բանկային ավանդը պարտատոմսից»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը

ԱրարատԲանկը, ունենալով արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման բազմամյա փորձ, ինչպես նաև խոշոր ընկերությունների պարտատոմսերի հաջող տեղաբաշխման հարուստ փորձառություն, շարունակելու է իր մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանն ու նոր ընկերությունների աջակցմանը։