
Արմինֆո.Հայաստանի արժութային միջբանկային շուկայում 2026թ. մայիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում թե՛ դոլարային և թե՛ ռուբլով գործարքները նվազել են: Եվրոյով գործարքներ չեն իրականացվում արդեն շուրջ երեք ամիս:
Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն արագացել է 37,2%-ից մինչև 70,1%, իսկ ռուբլով գործարքների միտումը նույնպես ուղղվել է դեպի 13% անկում (նախկին 12,4% աճի փոխարեն): Սա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալին վերականգնել իր գերակայությունը դոլարայինի նկատմամբ՝ 1,1 անգամ չնչին տարբերությամբ, մինչդեռ նախորդ շաբաթ դոլարային գործարքները 2,6 անգամ գերազանցում էին ռուբլուն:
Դրան զուգահեռ, ներբանկային արժութային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (05.05.26 - 08.05.26՝ 27.04.26 - 30.04.26-ի համեմատ) դոլարի և եվրոյի առքը սկսել է նվազել՝ այդ արժույթների վաճառքի տեմպերի զգալի դանդաղման պայմաններում, իսկ ռուբլով գործարքների դեպքում առքի աճի դանդաղումն ուղեկցվել է վաճառքի միտման շրջադարձով դեպի անկում:
Արդյունքում, ս.թ. մայիսի 5-ից 8-ը դրամը շարունակել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ՝ 369,5-ից հասնելով 368,5 դրամ/$1-ի, այնպես էլ եվրոյի նկատմամբ՝ 432,8-ից հասնելով 432 դրամ/1եվրոյի, միտվելով արժևորման նաև ռուբլու նկատմամբ՝ 4,88-ից հասնելով 4,85 դրամ/1ռուբլու: Մեկ տարի առաջ՝ 2025թ. մայիսի 8-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում էր 389,3 դրամ/$1, եվրոյի նկատմամբ՝ 441,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,65 դրամ/1ռուբլի, ինչը, ներկայիս փոխարժեքների հետ համեմատած, մատնանշում է դրամի տարեկան արժևորում դոլարի և եվրոյի նկատմամբ համապատասխանաբար 5% և 2%-ով, և արժեզրկում ռուբլու նկատմամբ 4%-ով:
ՀՀ Կենտրоնական բանկի տվյալների համաձայն՝ ս.թ. մայիսի 5-ից 8-ը (մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր էր) արժութային միջբանկային շուկայում չորս անգամ իրականացվել են ռուբլով գործարքներ և երեք անգամ՝ դոլարով, ընդ որում՝ դոլարով և ռուբլով գործարքները միաժամանակ իրականացվել են երեքշաբթիից հինգշաբթի (մայիսի 5-7-ը)։
Արդյունքում, դոլարային գործարքների շաբաթական ընդհանուր ծավալը կազմել է 8,085 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 369,61 դրամ միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 371,38 դրամի դիմաց), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ընդհանուր ծավալն աճել է մինչև 677 մլն ռուբլի՝ 1 ռուբլու դիմաց 4,92 դրամ միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 4,95 դրամի դիմաց)։ Դոլարային գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է չորեքշաբթի օրը (մայիսի 6-ին)՝ 4 մլն դոլար, իսկ ռուբլով գործարքների ամենամեծ ծավալը բաժին է ընկել ուրբաթ օրվան (մայիսի 8-ին)՝ 275 մլն ռուբլի։
Ներբանկային արժութային շուկայում ս.թ. մայիսի 5-ից 8-ը, նախորդ շաբաթվա (27-30.04.26) համեմատ, դոլարի առքի միտումը 40,6% աճից փոխվել է դեպի 14,2% անկման՝ վաճառքի աճի զգալի դանդաղմամբ՝ 32,3%-ից մինչև 13,4%: Նույն պատկերը նկատվել է նաև եվրոյով գործարքների դեպքում. առքի միտումը 24,4% աճից փոխվել է դեպի 13,7% անկման՝ վաճառքի աճի կտրուկ դանդաղմամբ՝ 43,4%-ից մինչև 4,2%: Ռուբլով գործարքների մասով առքի աճի դանդաղումը (18,7%-ից մինչև 6,5%) ուղեկցվել է վաճառքի միտման շրջադարձով՝ 2,2 անգամ էական աճից դեպի 48,3% անկում:
Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում գնվել է 157,7 մլն դոլար՝ 368,40 դր/$1 միջին փոխարժեքով, 38,6 մլն եվրո՝ 430,01 դր/1EUR միջին փոխարժեքով և 9,9 մլրդ ռուբլի՝ 4,86 դր/1RUB միջին փոխարժեքով: Վաճառվել է 191,5 մլն դոլար՝ 371,02 դր/$1 միջին փոխարժեքով, 56,1 մլն եվրո՝ 436,99 դր/1EUR միջին փոխարժեքով և 2,5 մլրդ ռուբլի՝ 5,00 դր/1RUB միջին փոխարժեքով:
Հաշվետու շաբաթվա ընթացքում երեքշաբթի օրը (մայիսի 5-ին) գրանցվել են դոլարի և ռուբլու առքի առավելագույն ծավալները (59,98 մլն դոլար և 3,1 մլրդ ռուբլի), նույն օրը գրանցվել են նաև եվրոյի առքուվաճառքի ամենամեծ ծավալները (14,7-18,3 մլն եվրո): Իսկ դոլարի և ռուբլու վաճառքի առավելագույն ծավալները արձանագրվել են չորեքշաբթի օրը (մայիսի 6-ին՝ 75,7 մլն դոլար և 741,5 մլն ռուբլի)։