
Արմինֆո.Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում 20,5 հեկտար տարածք կամրագրվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշում է ընդունվել է մայիսի 7-ին կառավարության նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ տարածքը գնահատվել է 323,8 մլն դրամ՝ միջին շուկայական գնով։ Այն հանդիսանում էր պետության սեփականություն՝ Հակակոռուպցիոն դատարանի ակտին համապատասխան, որը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը։
Այդ առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան ավանում նշված տարածքը պետության սեփականությանը վերադարձնելը կողմերի փոխհամաձայնության արդյունք է՝ միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի մասով: Մնացած մասով գործը շարունակում է քննվել դատարանում։ Խոսքը Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի (խոշոր գործարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա) օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ ապօրինի ունեցվածքի մասին է: 2023 թվականի օգոստոսի 29-ին Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ՝ Մանուկ Հակոբյանից և նրա կնոջից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ: