Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 12:18
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային մրցույթի անցկացմանը կուղղվի 684 մլն դրամ

Հայաստանում «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային մրցույթի անցկացմանը կուղղվի 684 մլն դրամ

Արմինֆո.«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագրի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում ընդունել է որոշում։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, ըստ այդմ, նախատեսվում է 2026 թ. համար անհրաժեշտ 684 մլն դրամի չափով Էկոնոմիկայի նախարարության 2026 թ. պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից վերաբաշխում կատարելու միջոցով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հատկացնելու վերաբերյալ։

 

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այն համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որն ունի 30 տարվա փորձ։ Այն տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ, իսկ նախկինում անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում և այլ երկրներում։

 

Նախարարը տեղեկացրել է, որ մրցույթը կազմակերպվելու է մայիսի 19-23-ը։ Եռօրյա Մրցույթը կազմակերպվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին կմասնակցեն 65 երկրից շուրջ 400 գինու փորձագետ, այդ թվում՝ 120 գինու գնորդ, 200 լրագրող, բլոգերներ, սոմելիեներ և բարձր վարկանիշ ունեցող գինու փորձագետներ, որոնք գնահատելու են ավելի քան 60 երկրի շուրջ 8000 տեսակի գինի։ Միջոցառման շրջանակներում կանցկացվեն գինու գնորդների, վաճառողների և հայկական գինի արտադրողների միջև բիզնես հանդիպումներ։ Կկազմակերպվեն այցեր գինեգործական շրջաններ, գինու գործարաններ և պատմամշակութային վայրեր։ Այցերը կուղեկցվեն մշակութային ծրագրերով՝ ներառելով ավանդական խոհանոց, ազգային երաժշտություն և ժողովրդական տոնախմբություններ։ Միջոցառման ընթացքում շուրջ 30 լրագրողի համար կկազմակերպվեն մեդիա տուրեր՝ միջազգային հեղինակավոր մեդիա հարթակներում Հայաստանի մասին հոդվածների և ռեպորտաժների լայնածավալ լուսաբանման նպատակով։