
Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը մտադիր է 45 նոր տրոլեյբուս գնել։ ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում ընդունել է որոշում՝ "Երևանի էլեկտրատրանսպորտ" ընկերությանը ազատել մաքսատուրքերից ներմուծվող տեխնիկայի համար:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով "Երևանի էլեկտրատրանսպորտ" ՓԲԸ-ն նախատեսում է կազմակերպել 45 նոր տրոլեյբուսներով տրոլեյբուսային երթուղիների շահագործումը: Նախագծի շրջանակներում նախատեսվում է ներմուծել YUTONG BUS ZK6128BEVG ընկերության 45 տրոլեյբուս, որոնք հարմարեցված են, նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար, 25+3 փափուկ նստատեղերով և առնվազն 85 ուղևոր տեղափոխելու հնարավորությամբ և ինքնավար կառավարմամբ: Տրոլեյբուսները հագեցած են ջեռուցման և հովացման համակարգերով։ Տեխնիկայի նոր խմբաքանակը թույլ կտա շարժակազմով համալրել քաղաքային 5 տրանսպորտային երթուղիները և զգալիորեն ավելացնել վերգետնյա էլեկտրական տրանսպորտի բարձրորակ ծառայություններից օգտվողների թիվը: Տրոլեյբուսային ցանցի զարգացումը թույլ կտա նաև բեռնաթափել հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ ՝ ապահովելով էկոլոգիապես մաքուր էլեկտրական տրանսպորտով բնակչության անվտանգ և հուսալի փոխադրումը:
Նախագծի շրջանակում նախատեսվում է 4,3 մլրդ դրամի ներդրում կատարել տրոլեյբուսների գնման համար: Ներկայումս ընկերությունում աշխատում է 245 մարդ ՝ 375 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծվող աշխատատեղերի թիվը հասցնել 280-ի՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: Մաքսատուրքերից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաղորդել էր, որ 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն առաքվել են, մնացածի մատակարարումը սպասվում է առաջիկայում: Նախատեսվում է, որ մինչև մայիսի վերջը ողջ տեխնիկան դուրս կգա քաղաքային երթուղիներ, որտեղ այլևս չեն լինի խորհրդային տարիներից մնացած հին տրոլեյբուսներ: