
Արմինֆո.Հայաստանը բաց է էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ուղղություններով։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Շարաֆի և Հայաստանում ՄԱԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ հանդիպման ժամանակ։
Բարձր գնահատելով վերջին տարիներին տնտեսական ոլորտում Հայաստանի և ՄԱԷ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը՝ նախարարն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է ՄԱԷ-ից բարձրորակ արտադրանքի և առաջադեմ տեխնոլոգիաների ներմուծմամբ, ինչպես նաև տնտեսության արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացմամբ։
Պապոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա առանձին բաղադրիչներին։ Նա նշել է նախագծի կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման տեսանկյունից։
Նշենք, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականին Հայաստանի և ՄԱԷ-ի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 60%-ով՝ գերազանցելով 2,1 միլիարդ դոլարը։
Ընդ որում, արտահանման ծավալները նվազել են 60,9%-ով՝ հասնելով 2,054 միլիարդ դոլարի, իսկ ներմուծումը նվազել է 4,1%-ով՝ կազմելով 79 միլիոն դոլար։