
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը նախընտրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6,5% մակարդակում: Նման որոշում է կայացվել մայիսի 5-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում, որի համաձայն՝ անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոյի (8%) և բանկերից ներգրավվող ավանդների (5%) դրույքաչափերը:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի կեսերից մինչև 2026թ. հիմնական դրույքաչափը նվազել է 4,25 տոկոսային կետով (պատմական առավելագույն 10,75%-ից մինչև 6,5%՝ 2025թ. դեկտեմբերին): Դրան համապատասխան, այդ ժամանակահատվածում նույնքանով (4,25 տ.կ.-ով) նվազել են լոմբարդային ռեպոյի և ներգրավված ավանդների դրույքաչափերը՝ 2022թ. դեկտեմբերին արձանագրված (և մինչև 2023թ. հունիսը պահպանված) առավելագույն համապատասխանաբար 12,25% և 9,25% մակարդակներից: Սակայն վերաֆինանսավորման, լոմբարդային ռեպոյի և ավանդների ներգրավման ներկայիս դրույքաչափերը դեռևս հեռու են 2020 թվականի երկրորդ կեսին արձանագրված նվազագույն շեմերից (համապատասխանաբար՝ 4,25%, 5,75% և 2,75%):
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ. մարտին, 2025թ. մարտի համեմատ, արձանագրվել է 4,5% գնաճ՝ 2025թ. մարտի 3,3%-ի դիմաց (2024թ. մարտի համեմատ): Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող տարեկան բազային գնաճը մարտին կազմել է 4,7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2%-ի դիմաց:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշման մանրամասն հիմնավորումը ԿԲ ղեկավարությունը կներկայացնի այսօր ժամը 14:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ, որը կհեռարձակվի նաև առցանց տարբերակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը 2,5 տարի տևած դրույքաչափի բարձրացումից հետո (2020թ. դեկտեմբերից մինչև 2023թ. կեսերը՝ 4,25%-ից մինչև 10,75%), սկսեց նվազեցնել այն 2023 թվականի հունիսի 13-ից՝ շարունակելով այդ քաղաքականությունը 2024 և 2025 թվականներին: Մասնավորապես, 2025թ. փետրվարին հիմնական դրույքաչափը 7%-ից իջեցվեց 6,75%-ի՝ պահպանվելով մինչև դեկտեմբերի կեսերը, երբ տեղի ունեցավ տարվա երկրորդ նվազեցումը՝ մինչև 6,5%: Այս մակարդակը պահպանվում է մինչ օրս:
Նշենք նաև, որ 2025 թվականից սկսած գնաճի թիրախային շեմը սահմանվել է 3%՝ +/- 1 տ.կ. թույլատրելի շեղումների միջակայքով (նախկին 4%-ի և +/- 1,5 տ.կ.-ի փոխարեն): Այս պահից սկսած Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս առաջնորդվում է գնաճի այս թիրախային շեմով: Գնաճի թիրախային շեմի նվազեցումը ԿԲ-ի և Կառավարության համատեղ մոտեցման իրագործման կարևոր նախապայման է՝ ուղղված երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հեռանկարներին և հասարակության բարեկեցության բարձրացմանը: