
Արմինֆո. Հայաստանում ձեռնամուխ են եղել առևտրային բանկերի բաժնետերերի ստացած շահաբաժինների հարկման փոփոխության հարցի լուծմանը։ ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններին։
Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ ներկայումս բանկերի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների և տրանզակցիաների ճնշող մեծամասնությունն ազատված է ԱԱՀ-ից, ինչը միջազգայնորեն ճանաչված մոտեցում է։ Հարկման հարցերում տարբեր պետություններ ԱԱՀ-ն փոխհատուցում են այլ լուծումներով։ Դրանցից մեկը բանկերի բաժնետերերի համար շահաբաժինների հարկի դրույքաչափի բարձրացումն է։
Արման Պողոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բանկային հատվածը, նույնպես ազատված լինելով ԱԱՀ-ի վճարումներից, վերջին տարիներին ցուցադրում է շահութաբերության բարձր մակարդակ, և ուստի լրացուցիչ հարկման կարիք ունի։ Փոփոխությունների փաթեթի մշակման ժամանակ գլխավոր նպատակ է դրվել բացառել բուն բանկերի վրա որևէ ճնշում, ինչը կարող էր հանգեցնել տոկոսադրույքների բարձրացման և ծառայությունների թանկացման, ինչպես նաև գնաճային ռիսկերի առաջացման։ Այդ պատճառով կարգավորող մարմինները կանգ են առել այն մեխանիզմի վրա, որը բարձրացնում է առևտրային բանկերի բաժնետերերի հարկման մակարդակը։ Փոփոխություններով նախատեսվում է, որ բանկերի բաժնետերերին շահաբաժիններ վճարելու որոշման դեպքում այդ գործառնությունները կհարկվեն ոչ թե 5% եկամտային հարկի դրույքաչափով, ինչպես հիմա է, այլ 15%-ով՝ անկախ նրանից, թե շահառուն (բենեֆիցիարը) ինչ կարգավիճակ ունի՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձի։
Բայց, միևնույն ժամանակ, բանկերին կտրամադրվեն որոշակի արտոնություններ։ Եթե բանկի բաժնետոմսերը գնանշվեն կազմակերպված ֆոնդային շուկաներում (բորսաներում), ապա գնանշվող արժեթղթերից ստացվող շահաբաժինների հարկի դրույքաչափը կմնա նախկին՝ 5% մակարդակում։ Ինչպես նշել է փոխնախարարը, ներկայումս աշխատանքներ են տարվում այդպիսի ֆոնդային բորսաների ցանկի հստակեցման ուղղությամբ։
Անկախ փորձագետների կարծիքով՝ այս միջոցը կարող է նաև սահմանափակել մեկ կամ փոխկապակցված բաժնետերերի խմբի առկայությամբ «գրպանային բանկերի» քանակը և կդրդի բանկերին դուրս գալ կազմակերպված բորսայական հարթակներ։