
Արմինֆո. Պետությունը կավելացնի R&D (հետազոտություններ և մշակումներ) ոլորտով զբաղվող ընկերությունների աջակցության ծավալը։ Համապատասխան օրինագիծն արժանացել է հավանության Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ այսուհետ R&D ոլորտում պետական աջակցությունը կհաշվարկվի ոչ թե եկամտային հարկի 60%-ի, այլ աշխատավարձի ֆոնդի 20%-ի չափով։ Նրա խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այս ոլորտի համար եկամտային հարկի դրույքաչափը 20%-ից նվազեցվել էր մինչև 10%-ի, ինչի հետևանքով նախկին մոդելը հանգեցնում էր անհամաչափ ցածր աջակցության։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ եկամտային հարկի նվազեցումը 20%-ից մինչև 10% պայմանավորված էր կառավարության համար R&D-ի զարգացման և գիտահետազոտական աշխատանքներում ներդրումների առաջնահերթությամբ։ Սակայն, հաշվի առնելով, որ գործող մոդելը աջակցության ծավալը դարձնում էր անարդարացի, որոշում է կայացվել փոխել դրա հաշվարկման մեխանիզմը։
«Մեր նպատակն է ՏՏ ծառայություններ մատուցող պետությունից վերածվել բարձր տեխնոլոգիական արդյունք ստեղծող և մատակարարող երկրի։ Սա նշանակում է, որ մենք պետք է մեծացնենք ներդրումները R&D-ում»,- նշել է փոխնախարարը։
Բացի այդ, օրինագիծն առնչվում է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում միգրանտների գործունեության կարգավորմանը։ Նախկինում գործող նորմերի համաձայն՝ հունվարի 1-ից քաղաքացիների այս կատեգորիան պետք է աջակցություն ստանար առանձին։ Սակայն պրակտիկան ցույց է տվել, որ օգնությունն ուղղակիորեն միգրանտներին տրամադրելն իրատեսական չէ։
«Աջակցությունը միգրանտներին կտրամադրվի ընկերությունների միջոցով. պետությունն աջակցում է ընկերությանը, իսկ վերջինս, հանդես գալով որպես միջնորդ, համապատասխան հարթակի միջոցով այն փոխանցում է միգրանտին»,- պարզաբանել է Թունյանը։
Հանձնաժողովի նիստում նաև որոշվել է պետական աջակցության միջոցները տարածել այն ոչ ռեզիդենտ ընկերությունների վրա, որոնք տևական ժամանակ աշխատում են Հայաստանում և հարկեր են վճարում, սակայն նախկինում չէին կարող օգտվել նախատեսված արտոնություններից իրենց կարգավիճակի պատճառով։