Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026 15:01
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը նշել է հեղուկ գազի շուկայում առկա իրավիճակի պատճառը

Էկոնոմիկայի նախարարությունը նշել է հեղուկ գազի շուկայում առկա իրավիճակի պատճառը

Արմինֆո. Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ փոխադրող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։

Էկոնոմիկայի նախարարությունը նման կերպ է մեկնաբանել Հայաստանում հեղուկ գազին առնչվող իրավիճակը։ Գերատեսչության արձագանքը հնչել է միայն ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումներից և քաղաքացիների դժգոհությունից մի քանի օր հետո։

 

«Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ», - նշել են Էկոնոմիկայի նախարարությունում։

 

Ընդ որում, հայտարարությունում ասվում է, որ պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա գների բարձրացման ռիսկ, գերատեսչությունում նշել են, որ գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Էկոնոմիկայի նախարարությունը հավաստիացրել է, որ, միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։

 

«Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են», - հայտարարել են նախարարությունում։

 

Նշենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաղորդել էր, որ վերջին շաբաթում հեղուկ գազի գինը Երևանում և մարզերում ժամ առ ժամ թանկանում է՝ հասնելով ընդհուպ 260-300 դրամի։ Խորհրդարանականի ասելով՝ որոշ տեղերում, նույնիսկ, դեֆիցիտ է առաջացել։ «Բանը հասել է նրան, որ մեր հայրենակիցները ֆեյսբուքյան խմբերում են միմյանց հուշում, թե որ գազալցակայանից կարելի է ձեռք բերել։ Շատերը սկսում են հրաժարվել գազի բալոններից, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։ Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը», - գրել էր Դանիելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում, նշելով, որ ապրիլի սկզբերին հեղուկ գազի գինը 170 դրամ էր։ «Ստացվում է, որ գործ ունենք 60-70% թանկացման հետ», - ընդգծել էր նա։

 

Դանիելյանը հաղորդել էր, որ հրատապ գրություններ է ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին՝ պահանջելով պարզաբանել, թե երբ կլուծվի հեղուկ գազի գնի և դեֆիցիտի խնդիրը։