
Արմինֆո.IDBank-ը հայտարարում է միջազգային տեխնոլոգիական հսկա Oracle ընկերության հետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:
Այս քայլը նշանակալի շրջադարձային փուլ է IDBank-ի թվային վերափոխման ռազմավարության շրջանակում՝ միտված բանկային ծառայությունների նոր սերնդի ձևավորմանը։ Oracle-ի տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա բանկին էապես բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու ճշգրտությունը, ուժեղացնել կիբեռանվտանգությունը և ստեղծել ավելի անհատականացված, ճկուն և ժամանակակից ծառայություններ հաճախորդների համար։
«Մենք կառուցում ենք ապագայի բանկը՝ այսօր։ Oracle-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս կիրառել համաշխարհային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները՝ մեր հաճախորդներին առաջարկելով առավել առաջադեմ և անվտանգ լուծումներ», – նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Oracle ընկերության հետ համագործակցությունը նաև վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի տեխնոլոգիական աճի և միջազգային շուկաների հետ ինտեգրման մասին՝ բարձրացնելով երկրի դիրքը որպես նորարարական հաբ տարածաշրջանում։
«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը։ ID Group-ի, և մասնավորապես IDBank-ի հետ մեր համագործակցությունը նմանատիպ ֆորմատով առաջինն է Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում և նշանավորում է համագործակցության նոր փուլ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության հետագա զարգացմանը։ Ավելի լայն առումով, Oracle-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի շարունակական թվային զարգացմանը՝ ապահով, մասշտաբային տեխնոլոգիաների միջոցով, որոնք նպաստում են նորարարությանը և բարձրացնում գործառնական արդյունավետությունը», — նշել է Oracle-ի ներկայացուցիչը։
IDBank-ը շարունակաբար ներդրում է կատարում նորարարությունների մեջ՝ նպատակ ունենալով վերափոխել բանկային փորձառությունը և սահմանել նոր ստանդարտներ ոլորտում։