
Արմինֆո.Երևանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման համար կպահանջվի ավելի քան 280 մլն դոլար։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հաղորդել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը:
Նրա խոսքով՝ ներդրումային ծրագիրն արդեն ստացել է ՀՀ ֆինանսների նախարարության դրական եզրակացությունը: Առաջիկայում տեղի կունենա Ներդրումային կոմիտեի նիստ, որի ժամանակ նախագիծը կդրվի քննարկման։ Գնումների տեխնիկական բնութագրերը նախապես մշակված են, իսկ մրցույթներն ավարտելու համար ակնկալվում է կառավարության որոշում գնումների առանձնահատկությունները սահմանելու մասին:
Իր հերթին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ դա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է, որի մանրամասները կքննարկվեն ամեն երկուշաբթի:
Ավելի վաղ խորհրդականը հաղորդել էր մետրոյի "Աջափնյակ" կայարանի հարակից տարածքի բարեկարգման երկփուլ մրցույթի ավարտի մասին: Նրա խոսքով ՝ նախաորակավորման փուլում հայտ են ներկայացրել 7 միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից որակավորում են անցել երկուսը: Քաղաքապետի խորհրդականը պարզաբանել էր, որ ընկերությունները պետք է առաջարկեն հայեցակարգային քաղաքաշինական լուծումներ ՝ սահմանված շառավղով հարակից տարածքի զարգացման համար, ինչպես նաև մշակեն բիզնես-քեյս, որը թույլ կտա ձևավորել ներդրումային փաթեթ՝ համապատասխան հաշվարկներով, վերլուծություններով, հողի արժեքի գնահատմամբ և ներդրումային մոդելով: Այսպիսով, միաժամանակ կներկայացվի նախագծի նախնական էսքիզային առաջարկը և տեխնիկատնտեսական հիմնավորումը: