
Արմինֆո.Հայաստանի արժութային միջբանկային շուկայում 2026թ. ապրիլի 6-ից 10-ը ռուբլով գործարքներն ավելի ակտիվ են իրականացվել, քան դոլարով, իսկ եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս է՝ չեն կատարվում: Մասնավորապես, դոլարով միակ գործարքը, հենց ծավալի շնորհիվ, թրենդը 70% անկումից դուրս է բերել 22,2% աճի, ինչն առավել տպավորիչ տեմպերով նկատվել է նաև ռուբլով գործարքների դեպքում, որոնց թրենդը 88% անկումից շրջվել է դեպի զգալի՝ 7,4 անգամ աճ: Սա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալին վերականգնել իր գերակայությունը դոլարային գործարքների նկատմամբ՝ 2,1 անգամ տարբերությամբ, մինչդեռ նախորդ մեկուկես ամիսների ընթացքում գերակշռում էին դոլարով գործարքները:
Դրան զուգահեռ, ներբանկային արժութային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (06-10.04.26թ.՝ 30.03-03.04.26թ.-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի թրենդը շրջվել է դեպի անկում, եվրոյով գործարքների մասով առքի աճի զգալի դանդաղումն ուղեկցվել է վաճառքի անկման աննշան դանդաղմամբ, իսկ ռուբլով գործարքների դեպքում արագացել են առքի աճը և վաճառքի անկումը:
Արդյունքում, ս.թ. ապրիլի 6-ից 10-ը դրամը դոլարի նկատմամբ «սառել է» 375,3 դրամ/$1 մակարդակում, սկսել է արժեզրկվել եվրոյի նկատմամբ՝ 434,5-ից հասնելով 438 դրամ/1եվրոյի, և շարունակել է արժեզրկվել ռուբլու նկատմամբ՝ 4,69-ից հասնելով 4,84 դրամ/1ռուբլու: Մեկ տարի առաջ՝ 2025թ. ապրիլի 10-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում էր 391,5 դրամ/$1, եվրոյի նկատմամբ՝ 430,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,57 դրամ/1ռուբլի, ինչը, ներկայիս փոխարժեքների հետ համեմատած, մատնանշում է դրամի տարեկան արժևորում դոլարի նկատմամբ 4%-ով և արժեզրկում եվրոյի ու ռուբլու նկատմամբ՝ համապատասխանաբար 2% և 6%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ս.թ. ապրիլի 6-ից 10-ը արժութային միջբանկային շուկայում դոլարով գործարքներ իրականացվել են մեկ անգամ, իսկ ռուբլով՝ երեք անգամ, ընդ որում՝ հինգշաբթի օրը (ապրիլի 9-ին) միաժամանակ իրականացվել են և՛ դոլարային, և՛ ռուբլային գործարքներ: Երկուշաբթի և չորեքշաբթի օրերին (ապրիլի 6-ին և 8-ին) արժութային միջբանկային հարթակը լիովին դատարկ է եղել: Արդյունքում, դոլարով միակ գործարքի ծավալը կազմել է 5.5 մլն դոլար՝ 376,11 դր/$1 միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 377,68 դր/$1-ի դիմաց), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ընդհանուր ծավալը հասել է 920 մլն ռուբլու՝ 4,82 դր/1RUB միջին փոխարժեքով (նախորդ շաբաթվա 4,70 դր/1RUB-ի դիմաց): Ռուբլով գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է երեքշաբթի օրը (ապրիլի 7-ին)՝ 470 մլն ռուբլի:
Ներբանկային արժութային շուկայում ս.թ. ապրիլի 6-ից 10-ը, նախորդ շաբաթվա (30.03-03.04.26) համեմատ, դոլարի առքուվաճառքի թրենդը 38,4-28,2% աճից շրջվել է դեպի 23,1-6,8% անկում, եվրոյով գործարքների մասով առքի աճը դանդաղել է 41%-ից մինչև 1,2%՝ վաճառքի անկման աննշան դանդաղմամբ (19,2%-ից մինչև 15,6%), իսկ ռուբլով գործարքների դեպքում արագացել են առքի աճը (9,2%-ից մինչև 13%) և վաճառքի անկումը (1,1%-ից մինչև 26,5%): Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում գնվել է 165.97 մլն դոլար՝ 375,10 դր/$1 միջին փոխարժեքով, 43.96 մլն եվրո՝ 432,79 դր/1EUR միջին փոխարժեքով, և ավելի քան 8.4 մլրդ ռուբլի՝ 4,75 դր/1RUB միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 174.9 մլն դոլար՝ 377,38 դր/$1 միջին փոխարժեքով, 43.9 մլն եվրո՝ 439,86 դր/1EUR միջին փոխարժեքով, և 2.3 մլրդ ռուբլի՝ 4,84 դր/1RUB միջին փոխարժեքով: Հաշվետու շաբաթվա ընթացքում երեքշաբթի օրը արձանագրվել է ռուբլու վաճառքի առավելագույն ծավալը (ապրիլի 7-ին՝ 588.2 մլն ռուբլի), այնուհետև չորեքշաբթի օրը գրանցվել են դոլարի առքուվաճառքի ամենամեծ ծավալները (ապրիլի 8-ին՝ $45.7-39.2 մլն), իսկ շաբաթվա վերջում՝ ուրբաթ օրը, արձանագրվել են եվրոյի առքուվաճառքի և ռուբլու առքի առավելագույն ծավալները (ապրիլի 10-ին՝ 20.97-11.8 մլն եվրո և 1.8 մլրդ ռուբլի):
ՀՀ ԿԲ տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Կենտրոնական բանկը արժութային շուկայում իրականացրել է 255.1 մլն դոլարի ինտերվենցիա՝ փոխարժեքի ամրապնդմամբ դեկտեմբերյան 381,49 դր/$1-ից մինչև հունվարյան 379,79 դր/$1, և դրանք եղել են բացառապես առքի գործառնություններ:
Ներբանկային արժութային շուկայում 2026 թվականի հունվարին գնվել է 571.7 մլն դոլար, 159 մլն եվրո և 30.6 մլրդ ռուբլի, իսկ վաճառվել է 806 մլն դոլար, 175.3 մլն եվրո և 8.4 մլրդ ռուբլի: Սա ներբանկային արժութային շուկայում ձևավորել է հունվարյան առքի փոխարժեք՝ 378,53 դր/$1, 440,79 դր/1 եվրո և 4,84 դր/1 ռուբլի մակարդակում, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 380,81 դր/$1, 448,11 դր/1 եվրո և 4,94 դր/1 ռուբլի՝ 2025թ. դեկտեմբերյան ցուցանիշների համեմատ (առքը՝ 380,38 դր/$1, 442,74 դր/1 եվրո, 4,83 դր/1 ռուբլի, իսկ վաճառքը՝ 382,62 դր/$1, 449,26 դր/1 եվրո, 4,91 դր/1 ռուբլի):
Արժութային միջբանկային շուկայում 2026թ. հունվարին կատարվել են 42 մլն դոլարի, 1 մլն եվրոյի և 2.7 մլրդ ռուբլու գործառնություններ: Սա ուղեկցվել է միջբանկային շուկայում դրամի արժեզրկմամբ ռուբլու նկատմամբ՝ մինչև հունվարյան 4,90 դր/1 ռուբլի, և եվրոյի նկատմամբ՝ մինչև 451,25 դր/1 եվրո, ինչպես նաև արժևորմամբ դոլարի նկատմամբ՝ մինչև 380,01 դր/$1 (2025թ. դեկտեմբերի համապատասխանաբար 4,88 դր/1 ռուբլի, 446,80 դր/1 եվրո և 381,33 դր/$1 ցուցանիշներից հետո):
Բորսայական արժութային հարթակում 2026թ. հունվարին իրականացվել են ավելի քան 7.4 մլն դոլարի գործարքներ, որոնք ուղեկցվել են դրամի արժևորմամբ՝ մինչև հունվարյան 379,72 դր/$1՝ հոկտեմբերյան 387,75 դր/$1-ի դիմաց, երբ նախորդ տարի վերջին անգամ բորսայում «երևացել էին» դոլարային գործառնություններ:
Ամբողջ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը արժութային շուկայում փետրվար-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է ընդհանուր առմամբ 1.796 մլրդ դոլարի ինտերվենցիա՝ փոխարժեքի արժևորմամբ փետրվարյան 394,19-ից մինչև դեկտեմբերյան 381,49 դր/$1, և դրանք եղել են բացառապես առքի գործառնություններ:
Ներբանկային արժութային շուկայում ողջ 2025 թվականի ընթացքում գնվել է 7.6 մլրդ դոլար, 2.03 մլրդ եվրո և 676.7 մլրդ ռուբլի, իսկ վաճառվել է 10.6 մլրդ դոլար, 3.2 մլրդ եվրո և 177.4 մլրդ ռուբլի: Սա դեկտեմբերին ձևավորել է առքի փոխարժեք՝ 380,38 դր/$1, 442,74 դր/1 եվրո և 4,83 դր/1 ռուբլի մակարդակում, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 382,62 դր/$1, 449,26 դր/1 եվրո և 4,91 դր/1 ռուբլի (2024թ. դեկտեմբերի համեմատ, երբ առքը կազմում էր 394,84 դր/$1, 413,75 դր/1 եվրո, 3,84 դր/1 ռուբլի, իսկ վաճառքը՝ 398,16 դր/$1, 420,09 դր/1 եվրո, 3,97 դր/1 ռուբլի):
Արժութային միջբանկային շուկայում ողջ 2025թ. ընթացքում կատարվել են ավելի քան 567 մլն դոլարի և 39.5 մլրդ ռուբլու գործառնություններ, իսկ եվրոյով գործարքներ իրականացվել են միայն փետրվար-մարտ, մայիս և դեկտեմբեր ամիսներին՝ 5.9 մլն եվրո ընդհանուր գումարով: Սա ուղեկցվել է միջբանկային շուկայում դրամի արժեզրկմամբ ռուբլու նկատմամբ՝ մինչև դեկտեմբերյան 4,88 դր/1 ռուբլի, և եվրոյի նկատմամբ՝ մինչև 446,8 դր/1 եվրո, ու արժևորմամբ դոլարի նկատմամբ՝ մինչև 381,33 դր/$1 (2024թ. դեկտեմբերի համապատասխանաբար 3,84 դր/1 ռուբլի, 414,25 դր/1 եվրո և 396,1 դր/$1 ցուցանիշների դիմաց): 2025թ. ընթացքում միջբանկային շուկայում դոլարով գործարքների ամենամեծ ծավալը նկատվել է հունվարին (81 մլն դոլար), ռուբլով՝ մայիսին (7.7 մլրդ ռուբլի), իսկ եվրոյով՝ դեկտեմբերին (4 մլն եվրո): Հիշեցնենք, որ Հայաստանի արժութային միջբանկային շուկայում ռուբլով գործարքները մեկնարկել են 2022թ. մարտի 14-ից:
Բորսայական արժութային հարթակը ութամյա «լռությունից» հետո վերսկսել է աշխատանքը 2024թ. հունիսից, և հինգ ամսվա ընթացքում (հունիս-հոկտեմբեր) դոլարային գործարքների ընդհանուր գումարը կազմել է 14.7 մլն դոլար, ինչն ուղեկցվել է դրամի արժևորմամբ՝ հունիսյան 388,90-ից մինչև հոկտեմբերյան 387,75 դր/$1: 2024թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բորսայական հարթակը դատարկ է եղել: Ողջ 2025 թվականի ընթացքում բորսայական հարթակում իրականացվել են 29.4 մլն դոլարի գործարքներ՝ ուղեկցվելով դրամի արժևորմամբ հունվարյան 398,75-ից մինչև դեկտեմբերյան 381,25 դր/$1: Բորսայական հարթակն ակտիվ է եղել ամբողջ 2025 թվականի ընթացքում՝ արձանագրելով ամսական առավելագույն ծավալը նոյեմբերին՝ 8.8 մլն դոլար: