
Արմինֆո.Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող լիզինգային պորտֆելի շուրջ 89%-ը տոկոսադրույքների մասով սուբսիդավորվում է պետության կողմից: Այս մասին LEASING EXPO 2026 ցուցահանդեսի բացմանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հղում անելով Վարկային ռեգիստրի տվյալներին:
Այս տարի Էկոնոմիկայի նախարարությունը ցուցահանդեսին ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ լիզինգային գործիքների միջոցով տրամադրվող պետական աջակցությանը: Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, Պապոյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին և սարքավորումներին:
Նշենք, որ LEASING EXPO 2026-ն անցկացվում է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում և մեկ հարթակում է միավորել ոլորտի առաջատար կազմակերպություններին, մատակարարներին, ֆինանսաբանկային կառույցներին, ինչպես նաև բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ ստեղծելով արդյունավետ միջավայր նոր գործարար կապերի հաստատման և համագործակցության ընդլայնման համար: Ցուցահանդեսում ներկայացված են շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական և արտադրական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ, էլեկտրոմոբիլներ, բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, գինեգործական սարքավորումներ, ինչպես նաև բանկեր և լիզինգային կազմակերպություններ:
Միջոցառման նպատակն է տնտեսվարող սուբյեկտների համար ապահովել ֆինանսական ռեսուրսների հասանելիություն՝ արտադրական կարողությունների արդիականացման և Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրման խթանման համար:
«ԱրմԻնֆո» ՏԸ պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի և վարկային կազմակերպությունների ռենքինգի տվյալներով (31.12.2025թ. դրությամբ)՝ լիզինգային պորտֆելը գերազանցել է 221.6 մլրդ դրամը (581.2 մլն դոլար): Տարեկան կտրվածքով այս պորտֆելն աճել է ավելի քան 17%-ով, ընդ որում՝ միայն բանկերն ապահովել են 15% աճ: Նշենք, որ Հայաստանում գործող 17 բանկերից մեծ մասն իրականացնում է լիզինգային գործառնություններ: Միայն լիզինգային գործառնություններում մասնագիտացած վարկային կազմակերպությունների թիվը հինգն է՝ ACBA Leasing, Armleasing, ID Leasing, AgroLeasing և NEO Credit: