
Արմինֆո. Արդշինբանկը ճանաչվել է «2026 թվականի Լավագույն Փրայվիթ բանկ» Euromoney միջազգային հեղինակավոր ֆինանսական ամսագրի կողմից՝ վերահաստատելով բանկի առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում և փրայվիթ բանկինգի ծառայությունների ոլորտում։
Մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք մրցանակաբաշխությանը նախորդող 12 ամիսների ընթացքում աչքի են ընկնում տվյալ սեգմենտի հաճախորդներին մատուցվող ծառայությունների բարձր որակով, ակտիվների կառավարման արդյունավետ լուծումներով, հաճախորդակենտրոն մոտեցմամբ։ Գնահատման համար առանցքային չափանիշներից են նաև ֆինանսական խորհրդատվության արդյունավետությունը, ներդրումային լուծումների բազմազանությունը, ինչպես նաև նորարարական ֆինանսական գործիքների ներդրումն ու կիրառությունը։
Արդշինբանկի կողմից մատուցվող փրայվիթ բանկինգի ծառայությունները հիմնված են անհատական մոտեցման, փորձագիտական ֆինանսական խորհրդատվության և կապիտալի կառավարման ժամանակակից լուծումների վրա։ Բանկը շարունակաբար զարգացնում է այս ուղղությունը՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ և բարձրակարգ սպասարկում։
2024 թվականին Երևանի կենտրոնում բացվեց փրայվիթ բանկինգի հաճախորդների համար առանձնացված գրասենյակ, որն էապես բարձրացրեց սպասարկման որակը և հարմարավետությունը։
Փրայվիթ բանքինգի զարգացումն Արդշինբանկի ռազմավարական առաջնահերթություններից է, որի շրջանակում Բանկն առաջարկում է ֆինանսական լուծումների լայն շրջանակ՝ կապիտալի կառավարում, ներդրումային խորհրդատվություն և ֆինանսական պլանավորում։
Այս գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է Արդշինբանկի կարևոր դերակատարությունը Հայաստանի ֆինանսական համակարգում և Բանկի հետևողական աշխատանքը՝ զարգացնելու ժամանակակից, մրցունակ և հաճախորդակենտրոն բանկային ծառայություններ։
Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից Արդշինբանկն առաջին անգամ մրցանակի արժանացել էր 2015 թվականին:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 580,000 հաճախորդ, որոնց սպասարկում է բանկի 2,300-ից ավելի աշխատակից։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: