
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հատկապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԱԶԲ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ծրագրերն ու նախագծերը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներին, Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման ծրագրերին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն երկրի տրանսպորտային կապերի զարգացման և երթևեկության ավելացող հոսքերի սպասարկման տեսանկյունից։
Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է նաև թունելների ու ճանապարհների անվտանգության բարձրացմանը և կլիմայի հարմարվողականությանն ուղղված ուսումնասիրություններն ու ծրագրերը՝ ընդգծելով գործընկերների տեխնիկական աջակցության և փորձագետների ներգրավման կարևորությունը։
Կողմերն ընդգծել են, որ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող գործընկերներից է: Համագործակցությունն սկսվել է դեռևս 2005 թվականին, և այդ ժամանակից ի վեր բանկը երկրում իրականացրել է ավելի քան 2.5 մլրդ դոլարի ներդրումներ: ԱԶԲ-ը հանդես է գալիս ոչ միայն որպես վարկատու, այլև որպես «Գիտելիքի բանկ»' տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն իրականացվող բարեփոխումներին: