
Արմինֆո. Էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1–ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն են արժանացել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև առանձին չկարգավորված հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, օրինագծով էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1–ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում` դառնալով շահառու։ Նախարար նշել է, որ արդեն իսկ ապահովագրական համակարգում ներառված անձինք 2027 թ. հունվարի 1–ից կկարողանան իրենց հետ փոխկապակցված անձանց ևս ընդգրկել համակարգի մեջ։
Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճար վճարելու ժամկետը ապրիլի 20–ից առաջարկվում է երկարաձգել մինչև հուլիսի 20–ը։ Օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվել է անհետաձգելի։
Անդրադառնալով օրինագծերին Նիկոլ Փաշինյանը նշել է՝ չի եղել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։ Ըստ վարչապետի՝ սա բացառիկ այն դեպքերից է, որը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. «Մենք ստացել ենք մի վիճակ, երբ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքը հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը, որը իր կարիքները հոգում է։ Սա շատ բարդ բարեփոխում է, ճիշտ է՝ մենք կառավարելի տրամաբանությամբ գնում ենք առաջ, բայց մենք այս բարեփոխումը պետք է փայփայենք, ամենօրյա խնամք տանենք դրա նկատմամբ, որ այն զարգանա։ Եվ կարևոր է, որ այս փուլից սկսած ոչ թե որակի անկում ունենանք, այլ՝ շարունակական բարձրացում»։
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ առողջության համընդհանուր ապահովագրության վիճակագրությունն արդեն խոսուն է. «2 մլն 277 հազար 479 այց ենք ունեցել, որից 105 670-ը՝ հիվանդանոցային։ Համակարգից օգտվել է 221 361՝ 65+ տարիքի անձ և միայն դրա համար ՀՀ պետական բյուջեն, որը ձևավորվում է ՀՀ-ում աշխատող քաղաքացիների վճարած հարկերից, ծախսել է 28 մլրդ 438 մլն դրամ։ Կարևոր է արձանագրել, որ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը 361 65+ տարիքի թոշակառու օգտվել է 4 մլն + արժեք ունեցող առողջապահական ծառայություններից, 892-ը՝ 2-4 մլն դրամ, 3883՝ 1-2 մլն դրամ, 7365-ը՝ 500 000- 1 մլն դրամ, 34171-ը՝ 100 000-500 000 դրամ, 34 000 քաղաքացի՝ 50 000 - 100 000, 140 106 քաղաքացի՝ մինչև 50 000 դրամ արժողությամբ առողջապահական ծառայություններից»։