Հինգշաբթի, 2 Ապրիլի 2026 10:28
Մարիաննա Մկրտչյան

Օվերչուկ. ԱՄՆ-ին անհրաժեշտ է Հայաստանի տարածքով միջանցք՝ կրիտիկական հանքանյութերի արտահանման և Իրանի նկատմամբ վերահսկողության համար

Օվերչուկ. ԱՄՆ-ին անհրաժեշտ է Հայաստանի տարածքով միջանցք՝ կրիտիկական հանքանյութերի արտահանման և Իրանի նկատմամբ վերահսկողության համար

Արմինֆո.  ԱՄՆ-ին պետք է միջանցք  Հայաստանի տարածքով՝ Միջին Ասիայից կրիտիկական հանքնայոութերի արտահանման և Իրանի նկատմամբ վերահսկողության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

 

"Վաշինգտոնի համար "Թրամփի երթուղին" միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է Միջին Ասիայից ԱՄՆ կրիտիկական հանքանյութերի արտահանումը, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը", - նշել է Օվերչուկը:

 

"Այդ ճանապարհի շուրջ բազմաթիվ շահեր են կապված։ Բոլորն այն, նույնիսկ, տարբեր կերպ են անվանում",-ասել է ՌԴ փոխվարչապետը։ Նրա խոսքով՝ Բաքվի տեսանկյունից "Զանգեզուրի միջանցքը" կարևոր է երկրի երկու հատվածների կապը վերականգնելու, Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցություն բացելու և Ադրբեջանը որպես եվրասիական տրանսպորտային-լոգիստիկ խաչմերուկ զարգացնելու համար:

 

Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ "օտարների" մուտքը Հարավային Կովկասի տարածաշրջան կխախտի անվտանգության հավասարակշռությունը, Իրանի շուրջ հակամարտությունը դա հստակ ցույց տվեց։

 

"Պրոֆեսիոնալ միջազգայնագետների համար հասկանալի է, որ օտարների մուտքը Հարավային Կովկասի տարածաշրջան կխախտի այնտեղ ստեղծված անվտանգության հավասարակշռությունը։ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը ցույց է տալիս, թե որքան արագ են այդ իրադարձությունների մեջ ներքաշվում տարածաշրջանի բոլոր երկրները, որոնք երբեք չեն մտածել, որ այդ իրադարձությունները կարող են իրենց վրա անդրադառնալ", - ասել է նա։

 

Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: