
Արմինֆո.Ջրային կոմիտեն հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։
Ջրային կոմիտեի հաղորդագրության համաձայն, քննարկվել են համագործակցության շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ընթացիկ և պլանավորված նախաձեռնություններն ու ծրագրերը, մասնավորապես, Գետիկի, Կարմիր գյուղի և Գառնահովիտի ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունների ընթացքը; Եղվարդի ջրամբարի 2016 թ. ուսումնասիրության վերանայման հնարավորությունները; Կապսի ջրամբարի ընթացիկ վիճակը; Սեւանա լճի ավազանի կեղտաջրերի մաքրման նախագիծը; Արարատյան արտեզյան ավազանի պահպանության եւ ստորերկրյա ջրերի առավել արդյունավետ օգտագործման նախագիծը։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ Հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոքթմանը տեղեկացրել է, որ շուտով տեղափոխվելու է այլ աշխատանքի. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել պ-ն Ֆոքթմանին՝ ընթացիկ արդյունավետ համագործակցության համար, եւ հաջողություն մաղթել նրան իր նոր պաշտոնում։