Հինգշաբթի, 12 Մարտի 2026 14:27
Նաիրա Բադալյան

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 4,6 մլրդ դրամ կհատկացնի 2025 թվականի երկրորդ կիսամյակում աչքի ընկած պետական ծառայողներին խրախուսելու համար

Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 4,6 մլրդ դրամ կհատկացնի 2025 թվականի երկրորդ կիսամյակում աչքի ընկած պետական ծառայողներին խրախուսելու համար

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2025 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ կառավարութան որոշման չափորոշիչների հիման վրա հաշվարկել խրախուսման ֆոնդի մեծությունը և պահուստային ֆոնդից հատկացնել առանձին պետական մարմիններին՝ աշխատակիցների խրախուսման համար։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

 

Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նոյեմբերին Կառավարությունը հաստատել է կատարողականի գնահատմամբ պիլոտային ծրագիրը, որը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու կարևոր քաղաքականություն է: Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է, որ ծրագրի հիմքում աշխատանքի բարձր արդյունքների համար պետական համակարգի աշխատակիցների նյութական խրախուսումը և այդ եղանակով հանրային ծառայության որակի բարձրացումն է: «Այս ուղղությամբ հետևողական աշխատանքն այն հիմքն է, որով պետք է ապահովվի համակարգում մրցունակ կադրերի պահպանումը և նորերի ներգրավումը, ինչպես նաև երաշխավորի, որ կառավարման մարմիններին հատկացվող հանրային ռեսուրսները ծախսվեն ամենաարդյունավետ ձևով և ուղղվում են որակյալ պետական ծառայության կազմակերպմանը»,- ասել է փոխվարչապետը:

 

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարեվերջին ամփոփվել է 2025 թ. առաջին կիսամյակի ծրագրի կատարողականի գնահատականը կառավարման 15 մարմինների համար: «Գնահատվեցին սահմանված 57 ուղղություններով կատարված աշխատանքի արդյունքները, և պետական մարմիններին հատկացվեց 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ: Հիմա գնահատել ենք 2025 թ. 2-րդ կիսամյակի ծրագրով տարված աշխատանքը, և կարող ենք ասել, որ խրախուսման համակարգի պիլոտավորումը կառավարման մարմինների առաջնահերթությունների ուղղությամբ կենտրոնացման հարցում ստանում է կարևոր նշանակություն: Այս կապակցությամբ կարևոր եմ համարում նշել, որ 2-րդ կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ գնահատականը մոտ է սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին: Հաշվի առնելով այս արդյունքները՝ 2025 թ. 2-րդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 մլրդ դրամ: 2025 թվականի 2-րդ կիսամյակի համար հատկացումների կարևոր առանձնահատկությունը նաև այն է, որ գործնականում հաշվի կառնվի այն հանգամանքը, թե առաջին կիսամյակում խրախուսվածների կողմից ինչպես է իրագործվել կրթության նպատակով դրամական ներդրումների պահանջը: Այս կիսամյակի ավարտին կունենանք ընդհանրական հաշվետվություն այն մասին, թե պիլոտային ծրագրի շահառուները որքան դրամական ներդրումներ են կատարել կրթական ծախսերի ուղղությամբ»,- ասել է փոխվարչապետը:

 

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պիլոտային ծրագրի արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս զուգահեռաբար աշխատել օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ, որի վերջնականացման արդյունքում հնարավորություն կլինի պիլոտային ծրագրի ծանուցում կատարել երկարաժամկետ կարգավորումների, ինչպես նաև այս տարվա ընթացքում ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել հանրային ծառայության վարձատրության մեխանիզմներն օրենքով կարգավորելու վերաբերյալ առաջարկություն:

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս մեխանիզմով, չնայած  քննադատությունների, պետության հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն քայլ է կատարվում: «Այն լիարժեքորեն տեղավորվում է այլոց շարքում՝ մեր պետության հարատևության օրակարգի մեջ: Մենք նաև փորձով համոզվել ենք, որ այս համակարգն առաջին հերթին արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին և մեր պետական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը: Ուզում եմ ընդգծել նաև, որ այս համակարգը ես կարևոր եմ համարում հակակոռուպցիոն քաղաքականության տեսակետից: Նորից ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մենք կոռուպցիայի ընկալման համաթվերում շատ մեծ աճ արձանագրեցինք, առաջընթաց արձանագրեցինք, բայց մի իքս պահի և այսօր էլ որոշակի լճացում կա: Եվ ես կարծում եմ՝ մենք պետք է երկրում հակակոռուպցիոն ստանդարտներն ավելի խստացնենք, ավելի բարձր ստանդարտներ սահմանենք: Այս որոշումը տեղավորվում է նաև այդ տրամաբանության մեջ: Մեզ հարկավոր է սեփական աշխատանքի վրա գերկենտրոնացած պաշտոնյա, որն առավելագույն ջանք է գործադրում իր առջև դրված խնդիրները լուծելու համար»:

 

Վարչապետը կարևորել է նաև այն հանգամանքը, որ դրա արդյունքում խթանվում է պետական պաշտոնյաների կրթական մակարդակի շարունակական բարձրացումը: Սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև շատ կարևոր ներդրում է մեր կրթական համակարգի հետագա զարգացման. «Ես այսօր արդեն տեսնում և զգում եմ, որ մեր կրթական շուկայում նոր ծառայություններ են ձևավորվում, նոր առաջարկներ են անում, ինչն էլ իր հերթին բերելու է տնտեսական լրացուցիչ էֆեկտի»:

 

Վարչապետը նշել է, որ բարեփոխման արդյունքում որոշ ժամանակ անց պետք է սահմանել պետական համակարգում ծառայության անցնելու ավելի բարձր ստանդարտ. «Որակավորման ստանդարտը, որով մարդը կարող է մտնել պետական ծառայության, էականորեն պետք է փոխվի: Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, որ պետական համակարգում անցնում են աշխատանքի, ցավոք այդպիսի դեպքեր կան, որովհետև ավելի մրցունակ հատվածում չեն կարողացել աշխատանք գտնել: Իսկ սրանից տուժում է պետությունը և հանրությունը»:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ նախորդ տարվա արդյունքներն ու ցուցանիշները ևս մեկ անգամ համոզում են, որ այս ուղղությամբ ներդրումները բերում են լրացուցիչ արդյունքներ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ, կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն և այլն. «Այդ լրացուցիչ արդյունքը նաև խաղաղությունն է, որովհետև, ի վերջո, եկեք արձանագրենք, որ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաև որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է, և այդ համակարգային աշխատանքը կատարում են մարդիկ»:

 

Դիմելով ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս խնդիրը պետք է լուծենք նաև ՏԻՄ-ի մակարդակով: Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է: Մենք չենք կարող տարածքներ թողնել, որտեղ գեներացվեն պրոցեսներ, որոնք կառուցողական չեն»:

 

Վարչապետը հավելել է՝ ՀՀ-ում պետք է աշխատավարձը լինի արդյունքի արտահայտություն. հանրությունը ինչ է ստացել դրանից և դա պետք է լինի տեսանելի, շոշափելի: